Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. գեներալ Սարոյանը՝ թանկացումների մասին
Քաղաքական
12:11 12/12/2017
Հայաստան

Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. գեներալ Սարոյանը՝ թանկացումների մասին

Եթե նախագահն ասում է, որ որոշ համայնքապետեր թալանել են պետական բյուջեն, ուրեմն մի բան գիտի: Լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում այս մասին ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Մեր նախագահը ճիշտ ա ասել»,- շեշտեց խորհրդարանականը:

Հարցին՝ արդյոք համայնքապետերը շա՞տ են թալանել, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ի՞նչ իմանամ, ես ռեվիզո՞ր եմ, Իշխան Զաքարյանին հարցրեք»:

Գեներալի խոսքով, համայնքապետերը ոչ թե գողեր են, որ մսխել են պետական միջոցները, այլ ուղղակի, հնարավոր է, թերացել կամ գումարները ճիշտ չեն ծախսել:

«Էսօր մեր համայնքապետեր ո՞նց են: Շատերը դաժե գրագիտություն չունեին: Ազգովի շատ էին, իրանց ազգությունը շատ էր, գյուղում դառնում էին գյուղապետ, ու էդ փողերը ծախսում էին ոչ թե նորմալ տեղերում, այլ՝ ոնց ուզեին: Հիմա խնդիրը ոչ թե գողանալն է, երևի ճիշտ չեք հասկացել նախագահի ասածը, այլ որ այդ փողերը չի կարելի փոշիացնել, փչացնել»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Լրագրողները գեներալին խնդրեցին անդրադառնալ նաև վերջին թանկացումներին:

«Դե որ ամոթ ունենան, չեն թանկացնի էլի: Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի»,- ի պատասխան ասաց խորհրդարանականը:

Իսկ ինչու գեներալը չի մասնակցում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստերին, հետաքրքրվեցին ԶԼՄ ներկայացուցիչները: «Հիվանդացել եմ»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ արդեն լավ է:

Ինչ վերաբերում է սահմանային իրադրությանը՝ գեներալ պատգամավորը խնդրեց իրեն այդ մասին ավելի ուշ հարցնել՝ պատճառաբանելով, որ նոր է վերադարձել Հայաստան և իրավիճակին չի տիրապետում:

Placeholder
Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. գեներալ Սարոյանը՝ թանկացումների մասին