Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
2017-ին հայ-իրանական քաղաքական հարաբերություններում բարձրակետեր գրանցվեցին. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը 2017 թվականը հայ-իրանական հարաբերություններում, ընդհանուր առմամբ, արդյունավետ տարի է որակում: Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Խոսքը վերաբերում է նախ քաղաքական հարաբերություններում գրանցված բարձրակետին: Այս տարի կայացավ ՀՀ նախագահի այցն Իրան: Նա ներկա գտնվեց իրանի վերընտրված նախագահի երդմնակալության արարողությանը, վարել բանակցություններ, այսինքն՝ մենք ունեցել ենք նախագահների մակարդակով բանակցություններ: Իրան է այցելել նաև ՀՀ վարչապետը, քննարկել հիմնականում տնտեսական խնդիրներ: Բոլորովին վերջերս ունեցել ենք նաև հայկական խորհրդարանական պատվիրակության այցը հարևան երկիր: Այսինքն՝ ՀՀ իշխանության երեք թևերի ներկայացուցիչներն այս տարի եղել են Իրանում: Ինչ վերաբերում է մեր երկիր իրանցի պաշտոնյաների այցերին, ապա 2017-ին Հայաստան այցելեց նաև Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այդ այցը միտված էր բացառապես Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի ճշգրտումներ մտցնելուն որը չափազանց կարևոր այց էր»,- նկատեց իրանագետը:
Ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա Վարդան Ոսկանյանի համոզմամբ, խիստ կարևոր ձեռքբերում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը:
«Սա շատ կարևոր քայլ էր ոչ միայն երկկողմ հարաբերությունների հատույթում, այլև ՀՀ-ԵԱՏՄ և ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Չափազանց կարևոր է նաև Հայաստանի և Իրանի միջև երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը, որն ընթացքի մեջ է: Ծրագիրը ֆինանսավորվում է Իրանի կողմից: Ակնհայտ է, որ գազ՝ էլետրաէներգիա գործարքի դիմաց կլինեն իրանական գազի ծավալների մեծացումներ՝ մի կողմից և հայկական էլեկտրաէներգիայի մատակարարում՝ մյուս կողմից»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Հայ-իրանական հարաբերությունների համատեքստում իրանագետը կարևորեց նաև մշակութային և գիտության ոլորտներում համագործակցությունը: Նա շեշտեց հատկապես հայ-իրանական համատեղ ֆիլմարտադրության ձեռքբերումները:
«Համալսարանական մակարդակում Հայաստանում բացվել է իրանական համալսարանի ներկայացուցչություն՝ ԵՊ իրանագիտության ամբիոնի շրջանակներում»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը: