Մի տեսակ կապրիզի է նմանվում. Արտակ Զաքարյան
Օրվա թեմա
13:40 18/12/2017
Հայաստան

Մի տեսակ կապրիզի է նմանվում. Արտակ Զաքարյան

«Երիտասարդների հետ վերջին հանդիպումը եղել է Պաշտպանության նախարարի  մոտ, որտեղ հստակ պայմանավորվածություն է եղել, որ նրանք կներկայացնեն իրենց առաջարկները»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց Պաշտպանության նախարարի առաջին տեղալ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ երիտասարդների կողմից հացադուլը վերսկսելու հայտարարությանը։

Նա տեղեկացրեց, որ խնդրել են, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկություններ, որի համաձայն՝ հնարավորություն լինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ, ընդգծված տաղանդ ու կարողություններ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տալը:

«Անկեղծ ասեմ՝ հիմա ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունները, ինչի համար երիտասարդները պայքարել են, չեն ցանկանում կիրառել»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այս երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները երկու առաջարկ են ներկայացրել, որոնցից մեկը՝ բանակը կրթություն բերելն էր. «Մենք բացատրեցինք, որ դա հնարավոր չէ, քանի որ խաթարում է թե բանակը, թե կրթությունը: Մյուս առաջարկը վերաբերում էր որոշակի չափորոշիչներ սահմանելուն, թե ինչ է նշանակում կրթության գիտության ոլորտում առանձնակի հաջողություններ ունենալը, քննարկվում է: Միևնույն է, մենք օրենքով պարտավոր ենք սահմանել բոլոր չափանիշները և դա անելու ենք։ Շատ լավ կլիներ, որ երիտասարդները բերեին այն չափորոշիչները, որոնք իրենք ցանկանում են և մենք ներառենք դրանք։  Գիտեք՝ այստեղ մի տեսակ կապրիզի է նմանվում, քանի որ մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, նույնիսկ, ավելի է ընդլայնվում, քան նախկինում էր գործում՝ «Պատվի ունեմ» ծրագրի շրջանակում»։

Զաքարյանը շեշտեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ կառավարության կողմից տրվող տարկետման հնարավորության չափորոշիչը հստակեցնեն:

«Ստացվում է, որ մենք այստեղ գործ ունենք երիտասարդների մի խմբի հետ, որոնք ուզում են շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել, դա արդար չի, ճիշտ չի»,- ասաց նա։

Placeholder
Մի տեսակ կապրիզի է նմանվում. Արտակ Զաքարյան