Արևային էներգետիկայի զարգացումը մենք չենք տեսնում ի հաշիվ ատոմային էներգիայի. Հայկ Հարությունյան
Տնտեսություն
18:03 19/12/2017
Հայաստան

Արևային էներգետիկայի զարգացումը մենք չենք տեսնում ի հաշիվ ատոմային էներգիայի. Հայկ Հարությունյան

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ  օրենքում և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը»,-  այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է էլեկրաէներգիային հատուցման ոչ ենթակա ծավալը հավասարեցնել տարվա ընթացքում մյուս կողմից ստացված էլեկտրական էներգիայի ծավալին:

«Քանի որ արձանագրվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման տեխնոլոգիաների արժեքների  զգալի նվազում և ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների` այդ միտումները միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ դրանք իրենց արտացոլումը կունենան նաև ՀՀ-ում համապատասխան սակագների վրա, ապա ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգում նվազագույն սակագները ապահովելու համար առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում  ՀԾԿՀ  կողմից սահմանված արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար»,-ներկայացրեց նա:

Հաջորդ կարգավորումը, ըստ զեկուցողի, արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանների թույլատրելի դրվածքային հզորությունը մինչև 2022 թ-ի դեկտեմբերի 31-ը կարող է հասնել ոչ ավելի, քան 500 կիլովատը, հնարավորություն ընձեռելով էլեկտրական էներգիայի խոշոր սպառում ունեցող տնտեսություն վարող սուբյեկտներին իրականացնելու ինքնավար էներգաարտադրողի գործառույթներ:

Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ, առավելագույնը 150 կիլովատտ դրվածքային հզորությամբ սահմանափակումը կթողնվի անփոփոխ ֆիզիկական անձանց համար։

«Արևային էներգետիկայի զարգացումը մենք չենք տեսնում ի հաշիվ ատոմային էներգիայի»,- պատասխանելով  «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին՝ ասաց փոխնախարարը։

«Մեր Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգով մենք ունենք չորս  հավասար առաջնահերթություն, որոնցից մեկը վերականգնվող էներգետիկան է, մյուսը՝ ատոմային էներգետիկան»,- հավելեց Հարությունյանը։
 

Placeholder
Արևային էներգետիկայի զարգացումը մենք չենք տեսնում ի հաշիվ ատոմային էներգիայի. Հայկ Հարությունյան