ԵԱՀԿ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել լրագրողների անվտանգությանը սպառնացող միջոցները
Քաղաքական
11:30 19/12/2017
Տարածաշրջան

ԵԱՀԿ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել լրագրողների անվտանգությանը սպառնացող միջոցները

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խորին մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի վերաբերյալ կայացված դատավճռի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 15-ին Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը Օրուջևին դատապարտել է վեց տարվա ազատազրկման ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման համար:

«Կոչ եմ անում իշխանություններին վերանայել Ազիզ Օրուջևի դատավճիռը և դադարեցնել  նրա ազատությանն ու անվտանգությանը սպառնացող սահմանափակող միջոցները: Հուսով եմ, որ այս վճիռը կվերանայվի վերաքննիչ բողոքի ընթացքում»,- նշել է Դեզիրը:

Վերջինս նաև կրկին իր մտահոգությունն է հայտնել  Թբիլիսից առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլիի դեպքի առնչությամբ։

«Չնայած այն լրջագույն տեղեկություններին, որ Մուխթարլին առևանգվել է, և Ադրբեջանում նրա հանդեպ ներկայացվել են շինծու մեղադրանքներ՝ Մուխթարլին պահվում է անազատության մեջ, ինչը մտահոգիչ է: Կոչ եմ անում իշխանություններին վերացնել լրագրողի հանդեպ բոլոր մեղադրանքները և հարգել նրա ազատ արտահայտման իրավունքը»,- նշել է Հարլեմ Դեզիրը:

Նա նաև շեշտել է, որ լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվների սառեցումը, ինչպես նաև երկրից դուրս գալու սահմանափակումը լուրջ քայլեր են, որոնք խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Դեզիրը նաև հիասթափություն է հայտնել Բաքվի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման առնչությամբ, որով պահպանվում էր բլոգեր և Լրագրողների պաշտպանության և անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի՝ երկու տարվա ազատազրկման որոշումը: Նա կոչ է արել ազատ արձակել վերջինիս։

Placeholder
ԵԱՀԿ-ն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել լրագրողների անվտանգությանը սպառնացող միջոցները