Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար  տնտեսվարողներից գրավ չի պահանջվի
Տնտեսություն
18:48 20/12/2017
Հայաստան

Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն»-ը (ՀԱԱԳ) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր: Դրա շրջանակներում ՀԱԱԳ և Կոնվերս Բանկը կիրականացնեն  ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և իրացման շուկաների ընդլայնմանը աջակցելուն ուղղված  ծրագիր:
     
«Հայաստանում տնտեսության զարգացումը, միջազգային շուկաներում մրցունակ արտադրության զարգացումը, արտահանմանն աջակցությունը Կոնվերս Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից են: Հուշագրի ստորագրմամբ, Կոնվերս Բանկը՝ պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով  ՀՀ ռեզիդենտ արտահանող կազմակերպություններին կտրամադրի շրջանառու կապիտալի համալրմանն ուղղված ֆինանսական միջոցներ, որոնք կարող են օգտագործվել  ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: Ֆինանսավորման համար  տնտեսվարողներից գրավ չի պահանջվի. որպես ապահովվածության միջոց  կընդունվեն ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերը »,-ասել է Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Վստահ եմ, որ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցության արդյունքում էլ ավելի կմեծանա ՀԱԱԳ ծառայությունների պահանջարկը, ինչը կնպաստի արտահանողների մրցունակության բարձրացմանը և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը»,- իր հեևթին ասել է  ՀԱԱԳ-ի գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Բանկից հայտնում են,  որ Կոնվերս Բանկ մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

30. 09. 2017թ դրությամբ, Բանկի ակտիվները   233,5  մլրդ  դրամ են, պարտավորությունները՝ 198,6 մլրդ  դրամ և ընդհանուր կապիտալը 34,9 մլրդ  դրամ է:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոքր և միջին ձեռնարկությունների կողմից արտահանումը խթանելու և վերջիններիս համար մատչելի   ֆինանսավորման ռեսուրսներ հասանելի դարձնելու նպատակով։

Placeholder
Կոնվերս Բանկ. Ֆինանսավորման համար տնտեսվարողներից գրավ չի պահանջվի