Ամանորից առաջ ձվի ու թռչնամսի շուկայում թանկացումներ չեն նախատեսվում. Թռչնաբույծների միության նախագահ
Տնտեսություն
15:00 23/12/2017
Հայաստան

Ամանորից առաջ ձվի ու թռչնամսի շուկայում թանկացումներ չեն նախատեսվում. Թռչնաբույծների միության նախագահ

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձվի և թռչնամսի շուկայում գնաճը հիմնականում պայմանավորված էր հարևան երկրներում  թռչունների շրջանում տարածված վարակով և կարանտինով: Սակայն այժմ այդ խնդիրը լուծված է, և Ամանորին ընդառաջ ձվի ու թռչնամսի շուկայում թանկացումներ չեն նախատեսվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Երեկ չէ առաջին օրվա տվյալներով, Հայաստան ներկրվել է 5.2 միլիոն հատ հավկիթ: Հաշվի առնելով մնացորդների չափաքանակը՝ նախատոնական ամբողջ առևտուրը հնարավոր կլինի իրականացնել առանց պակասորդի: Ինչ վերաբերում է տեղական ձվի գնին, ապա հոկտեմբեր-նոյեմբեր ամսին նկատված թանկացումը որոշ չափով պայմանավորված էր տուփերի գնի փոփոխությամբ: Արդեն դեկտեմբերին ձվի գինը սկսել է իջնել՝ ի հաշվի ածան վառեկների»,- նկատեց բանախոսը՝ համաձայնելով, որ մեկ-երկու ամիս առաջ ձվի շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելու միտում կար:

Անդրադառնալով տեղական և ներկրվող թռչնամսի որակին՝ բանախոսը հայտարարեց․ «Հայ թռչնաբուծները կերային հակաբիոտիկներ չեն օգտագործում: Հակաբիոտիկներ օգտագործվում են միայն բուժման նպատակով: Հայ թռչնաբույծները չեն օգտագործում նաև հորմոնալ խթանիչներ»:

«Թռչնամսի շուկան խիստ զգայուն և մրցունակ է դարձել: Արդեն հինգ տարի է՝ թռչնամսի արտադրության ոլորտում տարեկան չորս-հինգ տոկոսի աճ է արձանագրվում: Ինչ վերաբերում է ներկրումներին,ապա վերջին տարիներին Հայաստան թռչնամիս ներկրվում է ոչ միայն Բրազիլիայից, այլ  նաև Ռուսաստանից, Իրանից և եվրոպական երկրներից»,- տեղեկացրեց ոլորտի պատասխպանատուն՝ հավելելով,որ սկսվող տարում տեղական բրոյլերների արտադրությունը զգալի ավելանալու է, շուկայի 70-75 տոկոսը ծածկելու են տեղական ընկերությունները:

Սերգեյ Ստեփանյանը տեղեկացրեց, որ Սահմանին փորձաքննություն անցնում են թռչնամսի միայն այն խմբաքանակները, որոնք կասկած են հարուցում: Բայց քանի որ փորձաքննությունը թանկ արժե, անհնար է անընդհատ այդպիսի միջոցառումներ իրականացնել: «Տեղական ընկերությունները մինչդեռ թարմ միս են արտադրում, որի մեջ սալմոնելայի և լիստերիայի հարուցիչները հանդիպում են թույլատրելիի սահմանում»,- նշեց բանախոսը:

Բանախոսը նշեց, որ իրենք դիմել են ՏՄՊՊՀ-ին և խնդրել են խանութներին հորդորել, որպեսզի ձվի վրադիր գինը տասը տոսոսից ավել չլինի:

Վերջում Թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ Հայաստանում տարեկան միջինը սպառվում է  36-38  հազար տոննա թռչնամիս, որից շուրջ 10 հազար տոննան՝ տեղական արտադրության: Ինչ վերաբերում է ձվի սպառմանը, ապա Հայստանում տարեկան սպառվում է 662 միլիոն ձու:
«Ներկայումս Հայաստանում գործում են ձվարտադրող 8 և թռչնամիս  արտադրող 11մասնագիտացված ֆաբրիկաներ»,- ասաց բանախոսը:

Placeholder
Ամանորից առաջ ձվի ու թռչնամսի շուկայում թանկացումներ չեն նախատեսվում. Թռչնաբույծների միության նախագահ