«Աշխարհի իմաստուն հեքիաթները»՝ ձեզ համար
Մշակույթ
13:42 23/12/2017
Հայաստան

«Աշխարհի իմաստուն հեքիաթները»՝ ձեզ համար

Այսօր Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսը: Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային 50 ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Հրատարակչությունից հայտնում են, որ գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ:

« «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի հաջողությունը, իմ կարծիքով, պայմանավորված է հենց ընտրության գործառույթով: Այստեղ հավաքված են իսկապես իմաստուն հեքիաթներ, որոնց մատուցած հրաշքն ավելի շատ կապված է մարդու գիտելիքի, ինտելեկտի, արագ կողմնորոշվելու, աշխարհայացքի, մի խոսքով՝ իմացության հատկանիշների հետ: Եվ այդ հանգամանքն է, որ ժողովածուն այդքան սիրված է ու այդքան անհրաժեշտ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ գրքի մասին նշել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

​«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի նոր հրատարակությունը ներկայանում է նորովի` նոր նկարազարդումներ և ձևավորում, նոր իմաստուն հեքիաթներ։ Գիրքը կազմել է Շավարշ Կարապետյանը, իսկ նկարիչ-ձևավորողն Արաբո Սարգսյանն է:

Շնորհանդեսը տեղի կունենա ժամը 15:00-ին։

 

Placeholder
«Աշխարհի իմաստուն հեքիաթները»՝ ձեզ համար