Միկրովիրաբույժի սահմռկեցուցիչ լուսանկարները՝ պայթուցիկներից զգուշանալու կոչ
Հասարակություն
11:25 28/12/2017
Հայաստան

Միկրովիրաբույժի սահմռկեցուցիչ լուսանկարները՝ պայթուցիկներից զգուշանալու կոչ

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Ամանորին ընդառաջ աշխուժացել է պայթուցիկ նյութերի վաճառքը: Դրանք անարգել վաճառվում են գետնանցումներում ու խանութներում: Մինչդեռ ամեն տարի, տոնական օրերին պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները  չպահպանելը շատ  հաճախ դառնում են դժբախտ դեպքերի պատճառ:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի միկրովիրաբույժ Արամ Սահակյանը հորդորում է ծնողներին՝  հնարավորինս  զերծ պահել երեխաներին պայթուցիկների և տարբեր հրավտանգ նյութերի հետ շփումից:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում միկրովիրաբույժն ասաց, որ ամեն տարի,  տոնական օրերին հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնների չպահպանելու հետևանքով միջինը երկու տասնյակից ավելի  դժբախտ դեպք է գրանցվում: 

«Նախորդ տարի դեկտեմբերի 28-ից սկսած դեպքեր ենք ունեցել: Միայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գրանցվել է 20 դեպք: Մի քանի դեպք էլ՝ թիվ 1 կլինիկական հիվանդանոցում: Մի քանի տարի առաջ տոնական օրերին 30-ից ավելի դեպք ունեցանք»,- ասաց Արամ Սահակյանը: 

Միկրովիրաբույժի խոսքով՝ երբեմն մարդիկ չեն գիտակցում, որ հրավառության սարքերով ուրախությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ. «Մարդիկ փորձում են տոնն ավելի լուսավոր, ուրախ դարձնել, բայց այդ տոնը դառնում է դժբախտություն:  Դրանց պատճառով քանի երեխայի ու  երիտասարդի մատներ են ամբողջությամբ անդամահատվել: Եղել են դեպքեր, որ երբ պայթուցիկը չէր տրաքել, պատանին դեմքը մոտեցրել էր ու այդ պահին պայթել էր: Արդեն պատկերացրեք, թե ինչ սարսափելի  վիճակ էր»:

Միկրովիրաբույժը խոստովանում է՝  Ամանորի գիշերը երբեք ալկոհոլ չի օգտագործում, քանի որ ամեն վայրկյան սպասում է, որ հիվանդանոցից կկանչեն. «Միշտ զգոն ենք, վերջին տարիներին չեմ հիշում մի Ամանոր, որ տանը մնանք»: 

Արամ Սահակյանը հատկապես դիմում է ծնողներին, որ զգոն լինեն, տուրք չտան երեխաների հորդորներին: Վիրաբույժն իր օրինակն է բերում. «Ես իմ երեխաներին ցույց եմ տալիս այդ սարսափելի նկարները, որ հասկանան՝ պայթուցիկների օգտագործումը ինչ հետևանքներ կարող է ունենալ: Թող նրանք այդ նկարներից մի քիչ վախենան, բայց «ձեռքով ու ոտքով» մնան: Ի վերջո, յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ»,- նշեց վիրաբույժը:

Ներկայացնում ենք Արամ Սահակյանի տրամադրած սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք գուցե մեկ անգամ ևս զգոնության կոչ լինեն:

Placeholder