«Երկիր Ծիրանին» հունվարի երկրորդ կեսից համազգային ընդվզում է նախապատրաստում
Քաղաքական
13:00 29/12/2017
Հայաստան

«Երկիր Ծիրանին» հունվարի երկրորդ կեսից համազգային ընդվզում է նախապատրաստում

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը համոզված է՝ Երևանի ավագանիում իրենց խմբակցությունն անցնող տարում լավ է աշխատել: Այս մասին այսօր նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք մեր գործի մեջ ենք և կյանքի ենք կոչում մեր ստանձնած պարտավորություններն ու ծրագրերը: Մենք չենք շեղվում մեր ծրագրերից, ցանկացած շեղվող պատժվելու է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արդեն իսկ պատժում են իրենց ծրագրերին դավաճանած, երբեմնի գործընկերներ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին:

Անդրադառնալով ՀՀ ազգային ժողովի աշխատանքներին՝ բանախոսն ընդգծեց, որ այն  ուղղակի ավտորիտար համակարգը սպասարկող կառույց է:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, այսօր Հայաստանում հնչում է դժոխքի երաժշտություն, այն ներթափանցել է  ամենուր, ավելին իրենք գտնում են, որ միակ ելքն այս համակարգի մերժումն ու համատարած ընդվզումն է:

«Ընդվզումը պետք է լինի համազգային, խնդիրների լուծման այլ տարբերակ չկա»,- նշեց բանախոսը:

Զարուհի Փոստանջյանը չցանկացավ գնահատել «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների հնարավոր քաղաքական գործարքը՝ հանդես գալու նախագահի միասնական թեկնածուով:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը տեղեկացրեց, որ հունվարի երկրորդ կեսից լինելու են հրապարակներում, փողոցներում՝ մարդկանց բաժանելու ընդվզման կոչով թռուցիկներ: Ակցիայի շրջանակներում «Երկիր Ծիրանին» լինելու է նաև Արցախում և Ջավախքում:

«Պետք է հեղափոխություն տեղի ունենա, որպեսզի կարողանանք հիմնել նոր քաղաքական համակարգ»,- ասաց Փոստանջյանը:

Placeholder
«Երկիր Ծիրանին» հունվարի երկրորդ կեսից համազգային ընդվզում է նախապատրաստում