Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
17:33 05/01/2018
Հայաստան

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործի նախաքննությունն ավարտվել է: Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է. «քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի դատարան: Քրգործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին:

Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Նորիկի Սիմոնյանին»:

Ըստ աղբյուրի հաղորդման՝  Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, Ռուզաննայի ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը,  կրկին ծեծի է ենթարկել կնոջը, այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդել,  պառկել է մահճակալին՝ քնելու:

Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց խոհանոցում տեսել է սառնարանի կողքին դրված կացինը, և որոշել է սպանել քնած ամուսնուն:՝ «տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար»:

Ռուզաննա Մկրտչյանը վերցրել է կացինը և մի քանի անգամ հարվածել դրանով մահճակալին քնած ամուսնու գլխին: Մանուկ Սիմոնյանն ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո կինը տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայով միասին  դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:

Ըստ քրգործի՝  Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով:

Placeholder