Արմեն Իսրայելյան. Իրանի գործող կառավարությունը շատ բարդ իրավիճակում է
Քաղաքական
13:30 08/01/2018
Տարածաշրջան

Արմեն Իսրայելյան. Իրանի գործող կառավարությունը շատ բարդ իրավիճակում է

«Հարևան Իրանում իրավիճակն այսօր ավելի հանդարտ է, քննադատություններն ու հակադարձումներն ավելի շատ տեղափոխվել են քաղաքական դաշտ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Նրա խոսքով, այս պահին քաղաքական ուժերի ղեկավարները միմյանց հասեցին մեղադրանքներ են հնչեցնում այն մասին, թե ով է ստեղծված իրավիճակի մեղավորը: Խորհրդարանում էլ  թեժ քննարկումներ են, ստեղծված բարդ դրությունից դուրս գալու ուղիներ են փնտրում:

Հիշեցնենք, որ Իրանում դեկտեմբերի վերջին օրերին սկիզբ առան բողոքի ցույցեր: 20 քաղաքներում փողոց դուրս եկած մարդիկ հիմնականում սոցիալական պահանջներ էին բարձրաձայնում: Բողոքի ակցիաների ընթացքում 20 մարդ է մահացել, որից մեկը անվտանգության աշխատակից, ձերբակալվել է մոտ 400 մարդ: Թեհրանի դատախազը նախօրեին հայտարարել է, որ   ձերբակալվածներից 80-ն ազատ է արձակվել:

ՄԱԿ-ի իրավապաշտպաններն Իրանի իշխանություններին կոչ էին արել լրջորեն վերաբերվել ցուցարարների` ազատություն ու արժանի կենսամակարդակ ապահովելու վերաբերյալ պահանջներին: Իրանագետից հետաքրքրվեցին, հնարավո՞ր է արտաքին ճնշման հետևանքով իրավիճակը հանդարտվեց:

«Չեմ կարծում, քանի որ ի սկզբանե Ռոհանիի կառավարությունը՝ բարեփոխականները քննադատում էին այն ուժայինների քաղաքականությունը, որոնք ցանկություն ունեին բռնի ուժի միջոցով հանդարտեցնել այդ կոչերը: Ռոհանիի կառավարությունը հակված էր ցուցարարների հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով: Առաջին օրվանից ընդունեցին, որ առկա է խնդիր, կառավարության անդամների ու լրատվամիջոցների փորձ չարվեց անտեսել այդ խնդիրը: Ինչպես նախկինում լինում էր Իրանում, փորձ չարվեց այդ ամենը բարդել դրսի, արտաքին ուժերի վրա: Սա դրական միտում կարելի է համարել»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Նրա խոսքով, կառավարությունը չի առաջնորդվում ստանդարտ գործողություններով ու հայտարարություններով, փորձում են համահունչ լինել հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին:

Հարևան երկրում տեղի ունեցած բնողոքի ցույցերը, ըստ նրա, ունեին նախադրյալներ: «Նման վիճակը մեկ օրում չստեղծվեց: Ռոհանիի վերընտրությունից հետո՝ մեկ տարի առաջ, նա ամբողջությամբ այլ տնտեսական քաղաքականություն էր ցանկանում իրականացնել՝  փորձելով նվազեցնել Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի դերակատարությունը, որը չափազանց մեծ է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Նախագահը փորձ էր անում կրճատել նրանց բյուջեն, սակայն երկընտրանքի առաջ կանգնեց: Տարածաշրջանային զարգացումները, Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ամբողջությամբ փոխեցին կառավարության դիրքորոշումը, ինչի հետևանքով էլ ԻԻՀՊ-ն մեծացրեց իր ազդեցությունը, իսկ Ռոհանին հնարավորություն չունեցավ այնպիսի բյուջետային, ֆինանսական քաղաքականություն իրականացնել, ինչպես գրված էր իր նախընտրական ծրագրում»,-մանրամասնեց իրանագետը:

Բացի այդ, միջուկային համաձայնությունից հետ Իրանի հասարակությունը մեծ ակնկալիքներ ուներ երկրի նախագահից, որքան ավելանում էին քաղաքացիներին տրվող ազատությունները, այնքան մեծանում էին պահանջները:

«Ռոհանիից, ով կարողացավ հասնել միջուկային համաձայնության, հասարակությունն ակնկալում էր դրական զարգացումներ: Երկրորդ վերընտրությունից հետո իրանցիները նախագահին ևս մեկ հնարավորություն տվեցին, որպեսզի կարողանա արդարացնել միջուկային համաձայնությունը: Ի դեպ, նախընտրական շրջանում պահպանողականներն ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ միջուկային համաձայնությունը որևէ ազդեցություն չունեցավ»,-ասաց նա:

Մարտին քննարկվելիք պետական բյուջեին նախատեսում է բենզինի թանկացումը` 1000 թումանից դարձնելով 1500, գազի, բենզինի սուբսիդիաների վերանայումը, սրանք ևս դժգոհությունների առիթ դարձան: Սակայն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի նիստից հետո, կարծես փորձ է արվում միավորվել ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահի: «Սա քարոզչական դաշտում, սակայն քաղաքական դաշտում քննարկում են բենզինի գնի վերաբերյալ: Խորհրդարանը դեմ է թանկացմանը: Հենց ցույցերի շրջանում էլ կառավարության խոսնակը հայտարարեց, որ վերանայվելու են որոշ դրույթներ, որոնց ընդունումը կարող է քաղաքացիների մոտ խնդիրներ առաջացնել»,-ասաց Ա. Իսրայելյանը:

Նրա կանխատեսումներով, հավելյալ դժգոհությունների առիթ կարող են դառնալ  ծանրաբեռնված Թեհրան ավտոմեքենաների մուտքի սահմանափակումը, օդի աղտոտվածության բարձր մակարդակը, որի հետևանքով հիվանդացությունն ու մահացությունն ավելացել են, նույնիսկ դպրոցներ են փակվել:

«Հիմա Իրանի գործող կառավարությունը շատ բարդ իրավիճակում է, մի կողմից պետք է կարողանա դիմագրավի արտաքին ճնշումներին, մյուս կողմից պետք է կարողանա իրականացնել իր ծրագրերը, արդարացնել միջուկային համաձայնությունը, մյուս կողմից՝ բավարարել իր ընդդիմախոսների՝  պահպանողականների պահանջները, բացի այդ էլ առկա է Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի խնդիրը»,-ասաց նա:

Placeholder
Արմեն Իսրայելյան. Իրանի գործող կառավարությունը շատ բարդ իրավիճակում է