Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է
Սպորտ
13:46 08/01/2018
Հայաստան

Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է

Անցած տարին հայկական հեծանվասպորտի համար միանշանակ հաջողված կարելի է համարել: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, Հանրապետական օլիմպիական հերթափոխի մանկապատենական մարզադպրոցի տնօրեն Մարտին Շարբաթյանը։

«Նախ և առաջ շատ ուրախ ենք հեծանվորդ Էդգար Ստեփանյանի՝ տասը լավագույն մարզիկների ցանկում հայտնվելու կապակցությամբ: Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման բան առաջին անգամ եղավ: Աշխարհի գավաթի խաղարկության նրա արծաթե մեդալը ևս աննախադեպ նվաճում էր: Էդգարը երկրորդ տեղը զբաղեցրեց Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների և մրցանակակիրների հետ պայքարում: Այս հաջողության հետևում նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ մեր ամբողջ ֆեդերացիայի հսկայական աշխատանքն է: Հեծանվասպորտում շատ դժվար է հասնել նման հաջողության, իսկ մենք դա արեցինք այնպիսի մրցակիցների հետ պայքարում, որոնց բյուջեն հարյուրապատիկ ավելի է մերից: Ի դեպ, պետբյուջեից հատկացվող մեր ֆինանսավորումն այս տարվանից կավելանա, ինչի համար շնորհակալ ենք: Հաճելի է, երբ աշխատանքդ արժանիորեն գնահատում են:

Առաջին անգամ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու հնարավորություն ունենք: Մենք մասնակցում ենք 1996 թվականից, բայց միշտ «սպիտակ քարտով»: Այժմ Էդգարը հնարավորություն ունի սեփական ուժերով Տոկիոյի խաղերին մասնակցելու իրավունք վաստակել: Դա մեր գլխավոր նպատակն է և մեր ամբողջ ուժերն ու հնարավորությունները կուղորդենք դրան հասնելու համար»,- ասել է Մարտին Շարբաթյանը:

Նրա խոսքով՝ ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հերթափոխի պատրաստմանը. «Լավ սերունդ է մեծանում, որն ապագայում կարող է փոխարինել առաջատարին: Կնշեմ Ռոբերտ Խաչատրյանին, Տիրան Մարտիրոսյանին, Լևոն Լավչյանին, Ամու Ասուբովին: Նրանք դեռ պատանիների տարիքային խմբում են հանդես գալիս, լավ արդյունքներ են ցուցադրում և կարող են առաջընթաց ունենալ»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Placeholder
Մարտին Շարբաթյան. Մեր նպատակը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրն է