Թբիլիսիում տեղի է  ունեցել Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությունը
Մշակույթ
17:13 09/01/2018
Հայաստան

Թբիլիսիում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությունը

Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։

Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։

Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն է արժանացել Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրել է Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։

«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրել է  պատվոգրով և հանձնել Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։ Հաղթողին տրամադրված ուղեգրի բոլոր ծախսերը հոգում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:  Պատվոգրեր են  հանձնվել նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:

Հիշեցնենք, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթը տեղի է ունեցել 2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես են եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով։

 

Placeholder
Թբիլիսիում տեղի է ունեցել Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի պարգևատրման արարողությունը