Տոնական օրերին հիվանդանոց է տեղափոխվել 1208 մարդ
Առողջություն
17:21 09/01/2018

Տոնական օրերին հիվանդանոց է տեղափոխվել 1208 մարդ

Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, գրանցվել է շտապ օգնության 6582 կանչ, ինչը 2017 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ  466-ով  ավելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ կանչերի ավելացումը պայմանավորված է սուր շնչառական հիվանդություններով:

Ըստ նրա՝ տոնական օրերին հիվանդանոց է տեղափոխվել 1208 մարդ, ինչը 18-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ինչպես միշտ կանչերը հիմնականում վերաբերում են սրտանոթային հիվանդություններին,  սուր շնչառական հիվանդություններին և վնասվածքներին:
Նա նաև նշեց, որ վերջին տարիներին Ամանորին սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել: «Այս տարի գրանցվել է 8 դեպք, բայց դա թունավորում չի կարելի ասել, քանի որ 4-ը կապված էր ալկոհոլի չարաշահման, 4-ը՝ սննդային չարաշահման,  աղեստամոքսային տրակտի խանգարում հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մանկական կանչերին, ապա, ըստ Թ.Ստեփանյանի, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը գրանցվել է 638 կանչ` նախորդ տարվա 477-ի դիմաց: «Այս տարի հոսպիտալացվել է 189 երեխա, ինչը 44-ով ավելի է, քան նախորդ տարի: Մանկական կանչերը հիմնականում պայմանավորված էին սուր շնչառական հիվանդություններով»,- ասաց նա:

Նա նաև հայտնեց, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ գրանցվել է 234 673 կանչ, ինչը 2016 թ-ի համեմատ նվազել է 14 797-ով:

Placeholder
Տոնական օրերին հիվանդանոց է տեղափոխվել 1208 մարդ