Հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում. իրանագետ
Քաղաքական
12:30 10/01/2018
Հայաստան

Հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում. իրանագետ

«Կարող ենք ասել, որ Իրանում ներկա պահին կրքերը հանդարտվել են և բավականին հանդարտ վիճակ է երկրում»,-Մեդիա կենտրոնում կազմակերպած «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Իրանագետը, սակայն չի բացառում, որ բողոքի ցույցերը կվերսկսվեն։

«Բավականին անկանխատեսելի բազմաշերտ երկիր է Իրանը, և աշխարհի համար բարդ է կանխատեսումներ անել իրադարձությունների շուրջ։ Իրանում հանգիստ, կայուն վիճակը բխում է տարածաշրջանում երևի թե բոլորի շահերից, մասնավորապես Հայաստանի։ Մեր երկրի համար կարևոր է հանգիստ, կայուն, խաղաղ Իրանը»,- ասաց Ահարոն Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ Իրանի հետ Հայաստանն ունի բազմաթիվ ծրագրեր՝ տնտեսական, էներգետիկ, տրանպորտային, և դրանք կյանքի կկոչվեն միայն և միայն խաղաղ Իրանի պարագայում։

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով էլ՝ չնայած բողոքի ակցիաները սկսվեցին տնտեսական հարցերի շուրջ, բայց առիթ հանդիսացան, որպեսզի քաղաքական, կանանց իրավունքների հետ կապված հարցեր ևս բարձրացվեն։

«Այս ցույցերը կարող էին Իրանը ներսից լուրջ ցնցել, բայց հուսով եմ, որ Իրանի իշանությունները լուրջ հետևություններ և քաղաքական բարեփոխումներ կանեն։ Ես չեմ կարող միանշանակ պնդել, որ այս ցույցերն ամբողջովին վատն էին, շատ հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում ու լուրջ բարեփոխումներ են իրականացնում»,- ասաց իրանագետը։

Քննարկմանը ներկա իրանահայ լրագրող Ռուբիկ Մինասյանի խոսքով՝ ամեն անկայուն վիճակից ցանկացած ուժ փորձում է իր օգուտը քաղել,  բայց այն որ այս դեպքերը ուղղորդված են արտասահմանից կամ ինչ-որ արտաքին ուժից, այդպես չէ։

«Եթե Ռոհանին կարողանա գնալ բարեփոխումների, ավելի ազատ, ազատ մամուլ ունեցող, աշխարհի հետ ավելի ազատ տնտեսական կապեր ունեցող Իրանը ավելի ձեռնտու է Հայաստանին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է տեղեկատվության ազատ տեղաշարժի սահմանափակմանը, Մինասյանը նշեց, որ դա բերում է որոշակի ասեկոսների, որոնցից պարզ չի դառնում պետության իրական մասնակցությունը այս կամ այն դեպքերին։

Placeholder
Հաճախ նման ցույցերից հետո երկրի իշխանությունները լուրջ հետևություններ են անում. իրանագետ