Պիպոյան. Գնաճը խիստ բացասաբար է անդրադառնալու քաղաքացիների սնուցման ու առողջական վիճակի վրա
Տնտեսություն
18:16 12/01/2018
Հայաստան

Պիպոյան. Գնաճը խիստ բացասաբար է անդրադառնալու քաղաքացիների սնուցման ու առողջական վիճակի վրա

Հայաստանում քաղաքացիների եկամուտն անփոփոխ է մնացել, ծախսերը՝ աճել: Մթերքի ու ապրանքների ամենօրյա թանկացումները քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի կրճատել ծախսերը՝ շատ դեպքերում հրաժարվելով որոշակի գնումներից:

«Գնաճը Հայաստանում շատ վատ իրավիճակ է ստեղծել, դրությունը գնալով վատանալու է: Այն խիստ բացասական է անդրադառնալու քաղաքացիների վրա»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նա ասածը հիմնավորում է մի քանի հանգամանքով՝ քաղաքացիները, որոնց եկամուտը չի ավելացել, իսկ ապրանքները թանկացել են, նույն գումարով ավելի քիչ բան կարող են առնել:

«Մարդիկ ստիպված են լինելու նվազեցնել ծախսերը՝ գնալ թերսնուցման կամ էլ օգտակարության առումով բարձր որակի մթերքները փոխարինել ցածր որակի մթերքներով, մարդկանց մի մասը հրաժարվելու է կենդանական, բուսական ծագման մթերքներից՝ նախապատվությունը տալով հացեղենին ու մակարոնեղենին, որոնք ամենաքիչն են թանկացել: Հետագայում արդեն մարդիկ ստիպված են լինելու մեծ գումարներ ծախսել քայքայած առողջությունը վերականգնելու համար»,-բացատրում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը:

Տարբեր հաշվարկներով,  Հայաստանում միջին խավն իր աշխատավարձի 50 տոկոսից ավելին ծախսում է սննդի վրա: Սակայն թանկացել է ոչ միայն մթերքը, այլև գազը, էլեկտրաէներգիան, ջուրը, դրա հետևանքով անգամ միջին խավը աշխատավարձի 70 տոկոսը հատկացնումէ  այդ ծախսերի իրականացմանը:

Պիպոյանի կարծիքով,  գործադիր իշխանությունն այնքան էլ մտահոգված չէր գնաճով:
«Այսինքն, զսպելու, մտահոգվելու, սոցիալական հարցերն օրակարգ բերելու, գնաճի վատ ազդեցությունը քննարկելու որևէ դեպք չեմ հիշում: Ընդհակառակը, եղել է դեպք, երբ նախարարի մակարդակով ասել են, դրա մեջ ոչ մի վատ բան չկա»,-նկատեց նա:

Նախորդ տարի գրանցված մոտ 7 տոկոսանոց տնտեսական աճը քաղաքացիները չեն կարող զգալ մի քանի պատճառով, նախ աղքատության մակարդակը չի նվազել, ապա գնաճն ավելի մեծ է:
«Հայտարարվում է, որ գնաճը կազմել է 0.8 տոկոս: Սա 500 անուն ապրանքների թանկացման միջինացված ցուցանիշն է, այն պարագայում, երբ դրանցում կան բազամթիվ ապրանքներ, որոնք քաղաքացիները գրեթե չեն օգտագործում: Այնինչ, հացը, կաթնամթերքը, մսամթերքն առանձին դեպքերում թանկացել են մինչև 100 տոկոսով, միջին հաշվով նվազագույն զամբյուղում ներառված ապրանքները թանկացել են 20 տոկոսով»,-մանրամասնում է նա:

ՀԿ նախագահը փաստում է, որ 20 տոկոս թանկացման պարագայում ոչ աշխատավարձերն են բարձրացել, ոչ էլ թոշակները՝ ավելացել:

«Սրանք բացառապես արտագաղթին ու կյանքի վատացմանը նպաստող ցուցանիշներ են: Թերևս սա է պատճառը, որ աշխարհն արդեն վաղուց իրավիճակը գնահատում է  ոչ թե թվային, այլ որակական ցուցիչներով՝ հասկանալու համար կյանքը լավանո՞ւմ է, թե՞ վատանում: Այս իրավիճակը տնտեսական վարվող կուրսի հետևանք է, որ սոցիալական խնդիրներ չի դնում: Կառավարությունը զբաղված է կարճաժամկետ խնդիրների լուծմամբ՝ բյուջեի կատարողականի ապահովում, ոչ թե երկարաժամկետ սոցիալական խնդիրներ լուծելով: Մի օրինակ բերեմ: Կարելի է մեկ տարում բոլոր անտառները հատել, արտահանել ու 30 տոկոս տնտեսական աճ ապահովել, բայց սա եղա՞վ աճ»,-պարզաբանում է նա:

Այս պայմաններում նրա կարծիքով պետք է ստեղծվի ու գործի դրվի բիզնես ակումբ, իրականացվեն սոցիալական մի շարք ծրագրեր. «Այս պարագայում, եթե տեսնում ենք, որ բիզնեսն ունի ավելի ցածր գներով աշխատելու հնարավորություն, բայց այդպես չի ցանկանում, ցանկանում է գերշահույթ ստանալ, ապա բիզնես կլումբի անդամի համար պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի՝ ասի, գնա, ներկրի այսինչ ապրանքը, համ չարաշահումներին վերջ կդրվի, համ էլ նոր տնտեսվարողի համար բարենպաստ միջավայր կլինի»:

Բաբկեն Պիպոյանի խոսքով, պետք է լուրջ ուսումնասիրություններ արվեն գնաճի հիմնավորվածության վերաբերյալ, որպեսզի բացառվեն չարաշահումները, պետք է հստակ գնահատվի վառելիքի թանկացման հետևանքների չափը տարբեր ապրանքնատեսակների մասով, կարելի է նաև արտոնություններ սահմանել այդ ոլորտների տնտեսվարողների համար, որպեսզի լինի բեռի թեթևացումից:

«Օրինակ, կարելի է գյուղատնտեսության ոլորտի համար ձեռք բերվող բենզինն ազատել ավելացված արժեքի հարկից, նման օրինակներ շատ կարելի է թվել»,-ասում է նա:

 

Placeholder
Պիպոյան. Գնաճը խիստ բացասաբար է անդրադառնալու քաղաքացիների սնուցման ու առողջական վիճակի վրա