Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է՝ ինչու չի միանա թանկացումների դեմ «Ելքի» ցույցին
Քաղաքական
11:26 16/01/2018
Հայաստան

Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է՝ ինչու չի միանա թանկացումների դեմ «Ելքի» ցույցին

««Ծառուկյան» դաշինքը դեռևս սեպտեմբերին նիստ է հրավիրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և գնաճը մեղմելու նպատակով, հայտարարել, որ հարկային օրենսգրքի փոփոխությունների պատճառով գնաճի առաջ ենք կանգնելու, ներկայացրել փոփոխություններ, սակայն որևիցե խմբակցություն ո՛չ աջակցեց, ո՛չ դաշինքի կողքը եղավ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակը կարող է մեղմել թոշակների կամ աշխատավարձերի բարձրացումը, մինչդեռ մոտակա տարիներին նման բարձրացումներ չեն սպասվում։

«Կա համապատասխան որոշում, որ 2015-ից մինչև այսօր ո՛չ աշխատավարձը, ո՛չ թոշակները չեն բարձրացել ու մինչև 2020 թվական չեն բարձրանալու: Պետք է հարկային օրենսգրքի փոփոխություն լինի և եկամտահարկի տոկոսի պակասեցում լինի, որ այդ խնդիրը լուծվի»,-հավելեց նա։

Անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ հունվարի 19-ին կայանալիք թանկացումների դեմ երթին՝ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ «Ծառուկյան» դաշինքը չի աջակցի  երթին, այլ կնախընտրեն մասնակցել ԱԺ-ում թանկացումների վերաբերյալ հաջորդ շաբաթ անցկացվելիք քննարկումներին։

«Դուք ո՞նց եք մտածում, եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, մեր ընտրողները դուրս են գալիս փողոց, հարցի լուծումը ո՞րն է։ Մենք պետք է աղմո՞ւկ բարձրացնենք, թե հարցը կարգավորենք։ Քանի որ երկրի նախագահը հանձնարարել  է, որ խորհրդարանում կքննարկվի այդ հարցը, ամեն մի խմբակցություն իր տեսակետը կասի, տեսնենք, թե ինչ է որոշվում», - ասաց նա:

Placeholder
Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է՝ ինչու չի միանա թանկացումների դեմ «Ելքի» ցույցին