Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու
Մշակույթ
17:04 16/01/2018
Տարածաշրջան

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Թուրքիայի Քարաման նահանգում գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու առաստաղի որմնանկարները տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրության  են արժանանում: 

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, քաղաքի հնագույն Թափուջաք թաղամասում գտնվող եկեղեցին բյուզանդական ժամանակաշրջանից մնացած բազիլիկ եկեղեցու օրինակ է համարվում: Ըստ աղբյուրի՝ ստույգ տեղեկություն, թե որ թվականին է կառուցվել եկեղեցին, չկա. այն թվագրվում է 17-18-րդ դարերին:

Եկեղեցին 2007 թվականին անցել է Թուրքիայի Մշակույթի և Տուրիզմի նախարարության պահպանության տակ և վերականգնվել:

Նահանգի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Աբդուլլահ Քըլըչը «Անադոլու»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու որմնանկարները հայտնաբերվել են 2007 թվականին միայն, երբ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ են արվել: Մինչ այդ որմնանկարները պատված են եղել սվաղով:

«Ամեն տարի հազարավոր մարդիկ գալիս են այս որմնանկարները տեսնելու: Նման որմնանկարներ ամբողջ Քարամանում՝ միայն այս եկեղեցում կան, ինչն էլ ավելացնում է եկեղեցու կարևորությունը»,-ասել է նա:

Քըլըչը պատմել է, որ մինչև 2007 թվականը եկեղեցին որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ: Իսկ ներկայումս եկեղեցում անցկացվում են մշակութային տարբեր միջոցառումներ:

 

Placeholder
Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու