Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյան
Տնտեսություն
18:47 17/01/2018
Հայաստան

Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյան

«Իշխանության որոշ ներկայացուցիչներ, խոսելով թանկացումների մասին, «ինովացիոն» լուծումներ էին առաջարկել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Նրանք ասացին, որ աղքատները հիմնականում կարտոֆիլ են ուտում, և գնաճը նրանց բարեկեցության վրա չի ազդի: Հիմա ԱՎԾ-ն հրապարակել է գնաճի տվյալները, և պարզվել է, որ այդ հայտնի հայտարարությունից հետո շուկայում կարտոֆիլի գները թռել են։ Այս պարագայում ի՞նչ ուտեն աղքատները»,- հարցրեց Փաշինյանը և պատասխանի չորս տարբերակ առաջարկեց՝  խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ և տաքդեղ։

Պատգամավորի հարցին պատասխանեց  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՎԾ տվյալները հրապարակելու և ժողովրդայնացնելու համար. «Կարծում եմ՝ մեր ազգաբնակչությունը կընտրի այդ ապրանքների տեսականուց առավել մեծ կալորիականությամբ հարուստ այն ապրանքների ցանկը, որը կհամապատասխանի իր բյուջեին: Եթե նրանք չկարողանան դա անել, Ձեր կողմից տրամադրված հաշվարկները նրանց համար հիմք կհանդիսանան խնդիրը վերջացնելու։ Կարծում եմ՝ Ձեր հարցը հռետորական էր և մոտավորապես նույն տրամաբանությամբ պատասխանեցի»:

Փաշինյանն արձագանքեց, որ հարցն ամենևին էլ հռետորական չէր. «Որ ասում եք 2.6 տոկոս, ես պատկերավոր ցույց տվեցի, թե ինչպես է ԱՎԾ-ն 48 տոկոսը մանիպուլյացիաներով դարձրել 2.6 տոկոս»: 

Փոխվարչապետը հույս հայտնեց, որ շուտով  լսումների ժամանակ ԱՎԾ-ից մանրամասն կներկայացնեն ապրանքների հաշվման մոթոդաբանությունը, ինքը ներկայացրեց դրա եղանակը:
«Վստահեցնում եմ, որ նույն մեթոդաբանությունն օգտագործվում է աշխարհի շատ երկրներում, և այդ տեսակետից մենք ունենք լավագույն վիճակագրությունը»,-եզրափակեց Վաչե Գաբրիելյանը։

Placeholder
Կարտոֆիլի գները թռել են, ի՞նչ ուտեն աղքատները. Փաշինյան