Ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց. վարչապետ
Տնտեսություն
12:06 18/01/2018
Հայաստան

Ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հանձնարարական տվեց:

Վարչապետը նշեց, որ ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։  Նման խնդիրների ռիսկը, ըստ նրա, նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը։ 

Կարեն Կարապետյանը Ֆինանսների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, ինչպես նաև Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության պետական գնումների այլ ոլորտներում համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։

«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է Ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություն չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն թամբային կետը գտնենք և մյուս կողմից հասկանանք՝ ում հետ ենք գործ բռնում և ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից ակնկալում լուծումներ»,- ասաց վարչապետը:

Placeholder
Ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց. վարչապետ