«Անկախ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է»
Իրավունք
10:23 20/01/2018
Հայաստան

«Անկախ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է.

«Դատական համակարգի հարգելի՛ աշխատակիցներ և վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատական համակարգի աշխատողի օրվա առթիվ:

Մեր պետականաշինության գործընթացում կարևոր տեղ է հատկացվում դատական մարմինների գործունեությանը և դրա արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերին: Անկախ, արհեստավարժ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում իրավունքի գերակայության, օրինականության և մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է:
Այդ իսկ պատճառով այսուհետ էլ անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն դատական համակարգի շարունակական զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության և դատավորի լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգերի ներդրման, դատական իշխանության ինքնուրույնության և ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները կանեն հնարավորն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար` արդարադատություն իրականացնելիս խստագույնս հետևելով օրենքի տառին ու ոգուն:

Պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի աշխատողների աշխատանքային և  սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման հարցերը:
Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ ձեր կարևոր ու պատասխանատու աշխատանքում»:
 

Placeholder
«Անկախ դատական իշխանությունը յուրաքանչյուր պետության ներսում մարդու իրավունքների պաշտպանվածության հիմնաքարն է»