Համոզված եմ, որ մեր բանակն ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյան
Քաղաքական
14:44 23/01/2018
ԼՂՀ

Համոզված եմ, որ մեր բանակն ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018 թվականի անելիքներին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2017 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2018 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը 2017 թվականին ոլորտում իրականացված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարևոր են և պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից:

«Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ»,-նշել է երկրի ղեկավարը:

Placeholder
Համոզված եմ, որ մեր բանակն ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյան