«Ելք»-ը փորձում է ստիպել, որ կառավարությունն աշխատի. փորձագետ
Քաղաքական
12:30 24/01/2018
Հայաստան

«Ելք»-ը փորձում է ստիպել, որ կառավարությունն աշխատի. փորձագետ

«Ելք» դաշինքի գործողությունները բերեցին նրան, որ ի վերջո խորհրդարանում գնաճի թեմայով լսումներ կազմակերպվեցին, սակայն մյուս կողմից հարց է՝ լուծումը ո՞րն է լինելու: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց փորձագետ Թևան Պողոսյանը:

«Մենք արհեստական թանկացումների դեմն առնող հատուկ կառույցներ ունենք: Նրանք պետք է անհիմն թանկացումներ սկսած ձեռնարկատերերին ասեն՝ մենք հաշվարկել ենք, տեսել, որ դու գերշահույթներ ես ստացել: Մենք ունենք ընդհանուր խնդիր, և դա այն է, որ մեր տնտեսական զարգացման մոդելը սխալ է: Կառավարության առջև տնտեսական մոդելի զարգացման հարց պետք է դնել»,- նշեց բանախոսը:

Թևան Պողոսյանի խոսքով, ստեղծված իրավիճակում «Ելք»-ն անում է այն, ինչ հնարավոր է, մասնավորապես, խմբակցության 9 պատգամավորները բարձրաձայնում են թանկացումների մասին, գործողություններ են նախաձեռնում նաև փողոցում, փորձում «նստել կառավարության շնչին»:

«Այդ իմաստով նրա քաղաքականությունը ճիշտ է՝ փորձել ստիպել, որ կառավարությունն աշխատի: Հարցը, սակայն, արդյունավետությունն է: Եթե նույնիսկ խորհրդարանական 12 լսումներ էլ կազմակերպվեն, բայց դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ տեղի չունենան, ոչինչ չի փոխվի»,- ասաց նա:

Լրագրողները Թևան Պողոսյանից հետաքրքրվեցին՝ իր դիտարկմամբ,  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ-ում այսօր սպասվելիք ելույթը հրաժեշտի՞, թե ցտեսության խոսքը կլինի: «Դա լինելու է ՀՀ նախագահի խոսքը ԵԽԽՎ-ում: Դա ոչ հրաժեշտի, ոչ էլ ցտեսության խոսք չի լինելու: Հրաժեշտի խոսքն այստեղ են ասում: Մենք ԵԽԽՎ-ում հազարավոր խնդիրներ ունենք՝ Ադրբեջանի, մարդու իրավունքների հետ  կապված: Ինձ թվում է՝ այս ելույթն այլ հիմքերի վրա պետք է գնահատել: Պետք է տարածաշրջանային խնդիրներից խոսել»,- ընդգծեց փորձագետը:

Placeholder
«Ելք»-ը փորձում է ստիպել, որ կառավարությունն աշխատի. փորձագետ