Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել դիզելային վառելիքը
Տնտեսություն
16:17 25/01/2018
Հայաստան

Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել դիզելային վառելիքը

Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել հողօգտագործողներին տրամադրվելիք  դիզվառելիքը: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Չնայած դիզելային վառելանյութի սուբսիդավորում  նախատեսված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստում ենք ծրագիր, որով կշարունակենք սուբսիդավորումը»,-  նշեց նախարարը՝  հավելելով, որ չափաքանակի և վերջնական գնի մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Իգնատի Առաքելյանն անդրադառնալով դիզվառելիքի գների բարձրացմանն՝ ասաց, որ  դիզվառելիքի գնի մինչև 440 դրամի բարձրացումն էականորեն չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա:

«Կարտոֆիլի, խաղողի, լոլիկի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենում, մինչև 1-1.5 դրամ, այսինքն՝ դա էական չի: Ցորենի, կերային մշակաբույսերի ու հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ են կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա: Դրանից ելնելով էլ գտնում ենք, որ պետք է այս տարի շարունակենք դիզվառելիքի սուբսիդավորումը»,- ընդգծեց նա:

 

Placeholder
Կառավարությունը կշարունակի սուբսիդավորել դիզելային վառելիքը