Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը վստահեցրել է՝ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու
Տնտեսություն
18:07 25/01/2018
Հայաստան

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը վստահեցրել է՝ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու

«Հայկական կողմը շահագրգռված է ընդլայնել գործակցությունը JICA-ի հետ և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և համագործակցության նոր ուղղություններ նախատեսելու համար»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ հանդիպմանը։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են  JICA-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքին ու ուղղություններին, ինչպես  նաև համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Շինիչի Կիտաոկան իր հերթին ընդգծել է, որ իրականացվող բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու: Անդրադառնալով 2017թ. Հայաստանում արձանագրված արդյունքներին և միտումներին՝  Շինիչի Կիտաոկան դրանք բավականին տպավորիչ է համարել: 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացման ուղղությամբ տեխնիկատնտեսական հաշվետվություն (feasibility study) իրականացնելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու ոլորտը  համաշխարհային արժեքային շղթայի հետ կապելը, ինչը կնպաստի հայկական գյուղարտադրանքի արտահանման ուղիների դիվերսիֆիկացմանը: 

Զրուցակիցները կարևորել են նաև Ճապոնիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝  հաշվի առնելով, որ  առկա է զարգացման մեծ  ներուժ:

Placeholder
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահը վստահեցրել է՝ իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու