2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 %-ով
Տնտեսություն
13:52 25/01/2018
Հայաստան

2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 %-ով

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2017 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 7.7 տոկոսով։

Ինչպես տեղեկանում ենք ԱՎԾ-ից,  2017թ-ի դեկտեմբերին նախորդ ամսվա` նոյեմբերի համեմատ ՏԱՑ-ն աճել է 21.8 տոկոս:

Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին աճել է 12.6%-ով, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 10.2%-ով:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին, ապա  գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2017թ-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  3%-ով, ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 11,1%-ի աճ, իսկ  տարեկան կտրվածքով՝  3.3%-ի աճ:

Հունվար-դեկտեմբերին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 6,1%, շինարարության ոլորտում ևս գրանցվել է 2.2% -ի աճ:

Ինչ վերաբերում է առևտրաշրջանառության ծավալներին, ապա այստեղ 2017թ-ի հունվար-դեկտեմբերին  գրանցվել է 14%-ի աճ, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 12.7%-ի, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ 35.1%-ի աճ է արձանագրվել:

2017թ-ի  հունվար-դեկտեմբերին 14.4%-ի աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում, իսկ նոյմբերի համեմատ՝ 15.6%-ով:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա, ըստ ԱՎԾ-ի` 2017թ-ի հունվար-դեկտեմբերին գներն աճել են 1%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ գրանցվել է 1,5%-ի աճ:

Ըստ ԱՎԾ-ի` Հայաստանի և գործընկեր-երկրների միջև առևտուրն ակտիվացել է: 2017 թվականին Հայաստանը  արտաքին աշխարհի հետ իրականացրել է 6 մլրդ 425.6 մլն ԱՄՆ դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 26.9%-ով: Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առևտրի ընդհանուր ծավալում արտահանումը կազմել է 2 մլրդ 242.91 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ աճելով  25.2%-ով, իսկ ներմուծումը կազմել է 4 մլրդ 182.73 մլն դոլար՝ աճելով 27.8%-ով:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ԱՎԾ-ի փոխանցմամբ, 2017թ-ի  հունվար-դեկտեմբերին հանրապետական միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2,9 %-ով, իսկ ամսական կտրվածքով՝ նոյեմբերի համեմատ աճել է 25.2%-ով: Պետական համակարգում միջին աշխատավարձն աճել է 0,5%` կազմելով է 163 հազ. 841 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ աշխատավարձն աճել է 3.6%՝ հասնելով  շուրջ 230 հազար դրամի:

Placeholder
2017 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.7 %-ով