Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԵԽԽՎ-ն Սարսանգի ջրամբարի մասին զեկույցի համահեղինակին կասկածում է Ադրբեջանի կողմից կաշառվելու մեջ
Բոսնիա և Հերցոգովինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բոսնիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Միլիցա Մարկովիչի դեմ հետաքննություն կսկսվի Եվրոպայի խորհրդում: Պատճառը Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարի մասին զեկույցն է, որում նշվում էր, որ «Ադրբեջանի սահմանամերձ տարածքների բնակիչները զրկված են ջրից»: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռ/կ-ի եվրոպական ծառայությունը։
Ըստ հայտարարության՝ ԵԽԽՎ-ում ստեղծվել է հանձնաժողով, որը անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկատվություն է հավաքագրելու կոռուպցիայի մեջ մեղադրվող երեք անդամների վերաբերյալ, որոնց թվում է նաև Միլիցա Մարկովիչը:
«ԱԳՆ-ն կարծում է, որ շատ կարևոր է հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը և հույս է հայտնել, թե հանձնաժողովը կապացուցի, որ Մարկովիչը չի մասնակցել անօրինական գործողությունների»,-նշվում է հայտարարության մեջ։
Այս կապակցությամբ Ազատություն ռ/կ-ի եվրոպական ծառայության հետ զրույցում ԵԽԽՎ մամլո խոսնակը հաստատել է, որ անկախ հետաքննություն է իրականցվում կոռուպցիայի վերաբերյալ, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել։
Դեռևս վաղուց հայկական և բոսնիական մամուլը բազմիցս հայտարարել են, որ Մարկովիչը կաշառք է վերցրել Ադրբեջանի օգտին զեկույց պատրաստելու համար: Իր հերթին, Մարկովիչը հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ հայկական կողմը հրաժարվել է համագործակցել զեկույցի պատրաստման ժամանակ: Իսկ ԼՂ իշխանությունները հայտարարում էին, որ պատրաստ են եղել Մարկովիչի հետ համագործակցելու։