Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձով. վարչապետ
Քաղաքական
15:41 25/01/2018
Հայաստան

Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձով. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դավոսում հանդիպել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը  նախ շնորհակալություն է հայտնել՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին  Նիդեռլանդների կողմից  շարունակաբար ցուցաբերվող տեխնիկական և ֆինանսական աջակցության համար, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի , ինչպես նաև հոլանդական խմբի միջոցով, որի անդամ է Հայաստանը:

Վարչապետը գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին, ներկայացրել  մակրոտնտեսական ցուցանիշներն ու աճի դրական միտումները, նշել, որ ԵԱՏՄ-ի անդամակցությունը, Եվրամիության հետ համագործակցությունն  ու հարևան Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները Հայաստանը  հետաքրքիր են դարձնում տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու առումով: 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիության հարաբերություններին և անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ընձեռված հնարավորություններին:

Վարչապետ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում մեկնարկած բարեփոխումները՝ ընդգծելով, որ այստեղ  փոխգործակցության մեծ ներուժ է առկա: «Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ որպես գյուղատնտեսության ոլորտում աշխարհում առանցքային նշանակություն ունեցող երկրներից մեկի փորձով և գիտելիքներով», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Մարկ Ռուտեն իր հերթին նշել է, որ Նիդեռլանդները  գյուղատնտեսության արտադրանքի ծավալներով աշխարհում երկրորդ երկիրն է, և իրենք  ուրախ կլինեն կիսվել այդ բնագավառում իրենց փորձով ու պատրաստակամ են գործնական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:


 

Placeholder
Մենք չափազանց հետաքրքրված ենք Նիդեռլանդների՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցած փորձով. վարչապետ