Այսօր մեր բուհերի միջև մրցակցություն կա, բայց պետք է համագործակցություն լինի. Սերոբ Խաչատրյան
Կրթություն, գիտություն
12:06 29/01/2018
Հայաստան

Այսօր մեր բուհերի միջև մրցակցություն կա, բայց պետք է համագործակցություն լինի. Սերոբ Խաչատրյան

«Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը որպես փաստաթուղթ, լավն է, բավականին ճկուն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ նկատելի է օրինագծի վրա տարված բավական մեծ աշխատանքը:

Նրա խոսքով՝ գլխավոր նորությունն այն է, որ այս օրենքի նախագծով բարձրագույն կրթության համակարգը փորձ է արվում դարձնել ավելի ճկուն:

«Ուսանողներին կառաջարկվեն ուսման նոր հնարավորություններ: Օրինագծով առաջարկվում է նախաբակալավրիատ, որը հնարավորություն է տալիս ավելի կարճ տևողությամբ կրթություն ստանալ, ավելի արագ դուրս գալ բուհից և մտնել աշխատաշուկա: Հնարավորություն է տրամադրվում իրականացնել նաև ինտեգրված ուսուցում՝ այսինքն միացնել բակալավրիատը և մագիստրատուրան: Հնարավորություն է տրվում իրականացնել երկակի դիպլոմների ստացում, օրինակ՝ երբ ուսանողը սովորում է ինչ-որ մի համալսարանում, միանգամից երկու ծրագիր է ավարտում, կամ երկու համալսարանի ծրագիր է ավարտում»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Մասնագետը նշեց նաև, որ նախագծով հնարավորություն է տրվում նաև մինչև ութ տարի սովորել. «Այսինքն կարող է վերցնել ուսման ավելի թեթև տեմպ: Այն կրեդիտները, որն ուսանողը հավաքում է չորս տարում, կարող է հավաքել մինչև  ութ տարում, եթե օրինակ աշխատում է ուսանողը, կարող է թեթև բեռնվածություն վերցնել, բայց ուշ ավարտել»:

Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաև  բուհական խորհուրդների փոփոխությանը. «Այստեղ մեծանում է գործատուների թիվը՝ դառնալով 30 տոկոս, նվազում է ուսանողների թիվը՝ 25-ից դառնալով 10 տոկոս, սա նշանակում է, որ առաջիկայում բուհական խորհուրդներում կարող են լինել մեկ կամ երկու ուսանող: Միգուցե բուհերն ավելի շատ շահեն գործատուների թվի ավելացումից,  քան թե կորցնեն ուսանողների թվի նվազումից: Այլևս բուհական խորհուրդներում չեն կարող լինել քաղաքական գործիչներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ: Միայն ԵՊՀ-ին կտրվի հատուկ կարգավիճակ և չի բացառվում, որ Մայր բուհի խորհրդի անդամներում լինեն քաղաքական դեմքեր»:

Չնայած նշած դրական կետերին, ոլորտի փորձագետն ասաց, որ բարձրագույն կրթության իրավիճակի բարելավման հարցում այդքան լավատես չէ:

«Թերահավատ եմ, որ ինչ-որ մեկը կցանկանա ութ տարում ավարտել համալսարանը՝ այն դեպքում, երբ դպրոցի կրթությունը երկու տարով ավելացել է, տղաները երկուսից երեք տարի պետք է պարտադիր ծառայեն, այսինքն եթե ութ տարի էլ սովորեն, կսատացվի, որ բարձրագույն կրթությունը կավարտեն 30 տարեկանում: Այսօր ուսանողների ճնշող մեծամասնությանը պետք է դիպլոմ ստանա, հետևաբար դրա հետաձգումն ուսանողի համար ձեռնտու չէ»,- նշեց նա:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ օրինագիծը չի լուծում բուհերում ֆինանսավորման հարցը. «Բուհերն այսօր 10-20 տոկոս են պետությունից ֆինանսավորվում, մնացածն ուսման վարձերից է հավաքվում: Պետությունը բուհերին հասկացնում է, որ դուք ամեն մեկդ գնացեք ձեր գլխի ճարը տեսեք: Այս օրենքն ինչ-որ իմաստով բուհերին հեռացնում է պետությունից, իսկ մենք գիտենք որ մեր բուհերի նկատմամբ կա հասարակական անվստահություն, այս պարագայում շատ դժվար է ֆինանսներ բերել»:

Նրա կարծիքով՝ օրենքն ընդունվելու դեպքում առանձնապես վնաս չի տա և միգուցե ինչ-որ դրական տեղաշարժ բերի:

«Այսօր մեր բուհերի միջև մրցակցություն կա, բայց պետք է համագործակցություն լինի»,- եզրափակեց Սերոբ Խաչատրյանը:

Placeholder