Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. Դիրկ Լորենց
Տնտեսություն
12:37 30/01/2018
Հայաստան

Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. Դիրկ Լորենց

«Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը:

Նա միաժամանակ նշեց, որ ԵՄ-ն շատ լավ հասկանում է՝  Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը. «Դա պետք է հաշվի առնել։ Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ»:

Անդրադառնալով Ճապոնիայի երկրաշարժից  տուժած «Ֆուկուսիմա» ԱԷԿ–ին՝  Դիրկ Լորենցն ասաց, որ Ֆուկուսիմայի  ողբերգական դեպքից հետո ԵՄ-ում գտնվող ատոմակայանների սթրես-թեստեր են անցկացվել, այդպիսին նաև իրականացրել է Հայաստանը։

Ըստ նրա՝ այժմ կարևոր է այդ թեստերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն, անել այն, ինչ հնարավոր է ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ)  գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը հայտնել էր, որ  Հայաստանի ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը համապատասխանում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից ներկայացվող միջազգային չափանիշներին: Ըստ նրա՝ տարվում են աշխատանքներ հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի կյանքի տևողությունը երկարացնելու ուղղությամբ:

Նշենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգոբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու  համար ռուսական կողմից 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ է ստացել Հայաստանը:

 

Placeholder
Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի. Դիրկ Լորենց