«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին
Մշակույթ
11:40 30/01/2018
Հայաստան

«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ևս 20.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին՝ զբոսավարների և երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանն ուղղելու նպատակով:

IDeA հիմնադրամից հայտնում են, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը տրամադրված  դրամաշնորհով կազմակերպում է մասնագիտական զարգացմանն ուղղված դասախոսություններ զբոսավարների և երիտասարդ գիտնականների համար՝ նպաստելու հայկական ժառանգության ներկայացմանը, պահպանմանը և սերունդներին փոխանցմանը:

«Մասնագիտական զարգացումը և գիտելիքների խորացումը Մատենադարանի առաջնահերթ և կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս ծրագիրը կնպաստի երիտասարդ զբոսավարների և գիտաշխատողների մասնագիտական աճին և հմտությոնների զարգացմանը», - ասել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նրա խոսքով,  «Մատենադարանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջև համագործակցությունը հաջողությամբ նպաստում է մարդկության թողած ժառանգության մի կարևոր հատվածի պահպանմանը:

Մատենադարանում կկազմակերպվեն ավելի քան 50 դասախոսություններ: Դասախոսություններն ընդգրկում  են ինչպես հումանիտար և բանասիրական, այնպես էլ Մատենադարանի անմիջական գործունեությանն առնչվող գիտակարգեր՝ միջնադարագիտություն, ձեռագրագիտություն, աղբյուրագիտություն, մատենագիտություն, ձեռագրերի, արխիվային նյութերի վերականգնում և պահպանում: Դասախոսությունները կանցկացվեն 2018թ. հունվար-ապրիլ և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որոնց կարող են մասնակցել ինչպես Մատենադարանի գիտաշխատողները և զբոսավարները, այնպես էլ բոլոր հետաքրքրված անձինք:

«Մատենադարանը հայերի մարդասիրական ժառանգությունն ուսումնասիրելու և արևմտյան քաղաքակրթության զարգացման ամենակարևոր կենտրոններից է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախությամբ շարունակում է այս կարևոր համագործակցությունը, որը նպաստելու է այդ ժառանգության՝ աշխարհում առավել լավ ներկայացմանը և տարածմանը: Աջակցելով երիտասարդ գիտաշխատողների մասնագիտական զարգացմանը՝ մենք նաև ներդրում ենք կատարում մշակութային հարստության սերունդներին փոխանցման գործում», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Դրամաշնորհը տրամադրվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիշողության պահպանման Armenian Memory Act նախագծի շրջանակում, որն ուղղված է հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը: 2015թ. ինստիտուտը, ստանալով դրամաշնորհը, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար:

Մինչ օրս թվայնացվել են  617 ձեռագրեր և 4327 արխիվային փաստաթղթեր: 2016թ. դրամաշնորհի միջոցով էլ ֆինանսավորվել է Մատենադարանի տասը զբոսավարների վերապատրաստման դասընթացը Գերմանիայում:

Placeholder
«Ավրորան» շարունակում է աջակցել Մատենադարանին