Կոստանյանը սկզբունքորեն համաձայն չէ Զեյնալյանի առաջարկության հետ
Իրավունք
14:32 31/01/2018
Հայաստան

Կոստանյանը սկզբունքորեն համաձայն չէ Զեյնալյանի առաջարկության հետ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Դատական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանն առաջարկեց հրաժարվել դատավորների նկատմամբ  կարգապահական պատասխանատվության կիրառումից:

«Դատավորները ճնշման տակ են գտնվում կարգապահական վարույթի պատճառով: Առաջարկում եմ հանել կարգապահական պատասխանատվությունը դատական ակտում օրենքի կիրառման համար, եթե կան հանցագործության հատկանիշներ, անարդար դատական ակտ է կայացրել, ապա դատավորը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,-ասաց «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:

Պատգամավորի խոսքով, ինքն ուսումնասիրել է  այդ ոլորտը: Վերաքննիչ դատարանի երեք դատավորների նկատմամբ եղել է հարուցված կարգապահական վարույթ, ամենախիստ պատասխանատվության ենթարկվել է այն դատավորը, որը փորձել  է պաշտպանվել՝ վկայակոչելով միջազգային նորմերը, ավելի մեղմ պատիժ են ստացել այն դատավորները, որոնք ընդունել են մեղքը:

Հարակից զեկուցող Գևորգ Կոստանյանը, արձագանքելով Զեյնալյանի առաջարկությանը, նկատեց, որ  միջազգային շատ կառույցների ընդունած փաստաթղթեր ոչ միայն նման հնարավորություն են սահմանում կարգապահական պատասխանատվության համար, այլև հիմքերն են հստակեցնում: Նա կարծիք հայտնեց, որ Զեյնալյանի առաջարկությունը՝ ընդհանրապես կարգապահական վարույթ չհարուցելու մասին, հակասում է միջազգային իրավունքի նորմերին, ու ինքը դրան սկզբունքորեն համաձայն չէ:

«Դատական օրենսգրքում հստակ սահմանված է երկու հիմք, երբ անձը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության: Նախարարների կոմիտեի՝ 2004թ, ապա նաև թարմացված 2010 թ. որոշումներով հաստատվել են այն առաջարկությունները, թե ԵԽ անդամ երկրներում դատավորների անկախությունը չխախտելով ինչ հիմքերով ու ինչ ընթացակարգերով վերջիններս պետք է ենթարկվեն կարգապահական պատասխանատվության: Ձեր առաջարկության ընդունման դեպքում մենք կունենանք դատավոր, որն ընդհանրապես չունի պատասխանատվություն: Իսկ որևէ սուբյեկտ, որ չունի պատասխանատվություն, չարիք է ցանկացած պետության համար»,-ասաց Կոստանյանը:

Նրա կարծիքով, դատական օրենսգրքի փոփոխությունները, դրանք, ըստ նրա, կարգավորելու են դատարանակազմության բոլոր հարաբերությունները:

Placeholder
Կոստանյանը սկզբունքորեն համաձայն չէ Զեյնալյանի առաջարկության հետ