Տոնոյան. Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը սկսելու է մարտի վերջին
Տնտեսություն
13:26 31/01/2018
Հայաստան

Տոնոյան. Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը սկսելու է մարտի վերջին

Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքներն սկսվելու են մարտի վերջին: Այս մասին հայտնել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով, առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացում:

Կառավարության հասարակայնության ու տեղեկատվության միջոցների կապերի վարչության փոխանցմամբ, արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ ծախսերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը ծախսարդյունավետ է, և համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:

Վարչապետը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետևանքով առաջացող ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը և ծախսարդյունավետությունը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ընթացք տալ ծրագրին, այս տարի փորձնական իրականացնել շահառու համայնքներում, ինչպես նաև սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա:

Placeholder
Տոնոյան. Հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը սկսելու է մարտի վերջին