Կներկայացվեն առաջարկություններ՝ ուղղված մաքսազերծման խոչընդոտների վերացմանը
Տնտեսություն
10:41 01/02/2018
Հայաստան

Կներկայացվեն առաջարկություններ՝ ուղղված մաքսազերծման խոչընդոտների վերացմանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացմանը:

Վարչապետի խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ։ 

«Նշվածի արդյունքում սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց ապրանքի օգտագործման կամ տնօրինման հնարավորությունը»«- նշեց նա։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին 20- օրյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Իրականում, անհասկանալի է, եթե մարդը ապրանք է ներմուծում Հայաստան և ունի արգելանք իր հաշվի վրա, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցում սահմանափակում, եթե դա է հնարավորությունը նույն այդ պարտավորությունը կատարելու համար: Համենայնդեպս, նայեք, կարծում եմ, այնտեղ խնդիր ունենք», - ասաց նա:

 

Placeholder
Կներկայացվեն առաջարկություններ՝ ուղղված մաքսազերծման խոչընդոտների վերացմանը