«Amnesty International»-ի Թուրքիայի ներկայացուցիչը կրկին կալանավորվել է
Իրավունք
13:30 01/02/2018
Տարածաշրջան

«Amnesty International»-ի Թուրքիայի ներկայացուցիչը կրկին կալանավորվել է

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի բաժնի ղեկավար Թաներ Քըլըչը կրկին ազատազրկվել է։

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  Քըլըչը պայմանականորեն ազատ էր արձակվել ընդամենը նախօրեին՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների 35-րդ դատարանի որոշմամբ։

Սակայն Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազ Ջաներ Բաբալօղլուն բողոքարկել է վճիռը։ Իր բողոքը դատախազը հիմնավորել է այն պնդմամբ, որ ազատության մեջ Քըլըչը «կարող է շարունակել համագործակցել ահաբեկչական խմբավորումների հետ»։ Ստամբուլի ծանր հանցագործությունների 35-րդ դատարանը չի ընդունել Բաբալօղլուի բողոքը և այն փոխանցել 36-րդ դատարան։ Այս անգամ քննության համար դատական հանձնաժողով է հրավիրվել։ Հանձնաժողովը վճռել է, որ Թաներ Քըլըչը պետք է շարունակի անազատության մեջ մնալ։

Հայտնի իրավապաշտպանը կրկին ձերբակալվել է։ Ներկայումս նա գտնվում է Իզմիրի Ալիաղա քրեակատարողական հիմնարկում։

Աղբյուրը նշում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ փաստաբան Թաներ Քըլըչը ձերբակալվել էր հունիսի 6-ին՝ ևս 22 այլ փաստաբանների հետ։ Նրանք Ֆեթհուլլահ Գյուլենի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում մեղադրվել էին այդ կառույցի հետ կապի մեջ կասկածվող «ByLock» բջջային հավելվածն օգտագործելու համար։

Հունիսի 19-ին դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։ Վճռի հիմնավորման մեջ նշվել էր, որ Քըլըչը կալանավորվում է «ByLock» հավելվածը բեռնելու և օգտագործելու», «Zaman» թերթի բաժանորդը լինելու», «Zaman» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի քրոջ հետ ամուսնացած լինելու» և «իր երեխաներին օրենքի ուժ ունեցող որոշումներով (KHK) փակված դպրոցներում կրթության տալու» համար։

Placeholder
«Amnesty International»-ի Թուրքիայի ներկայացուցիչը կրկին կալանավորվել է