Սամվել Բաբայան. Ես չեմ եկել պաշտպանվելու
Իրավունք
14:36 02/02/2018
Հայաստան

Սամվել Բաբայան. Ես չեմ եկել պաշտպանվելու

«Ես չեմ եկել այստեղ պաշտպանվելու, ասում եմ, որ իմանաք որպես դատավոր: Պաշտպանվելու կարիք չկա, քանի որ ես հանցագործություն չեմ կատարել, որ պաշտպանվեմ»,-այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Սամվել Բաբայանը:

Հիշեցնենք, որ 2017թ․ նոյեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանը դիմել է վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել իրեն հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նա մեկ անգամ ևս կրկնեց, որ չի ընդունում պետական մեղադրողի կողմից առաջադրված մեղադրանքն ու դատարանի կողմից՝ իրեն մեղսագրվող արարքները: Ասաց՝ չի հրաժարվում առկա ձայնագրություններում իր խոսքերից, սակայն որոշ ձայնագրություններ մասամբ են օգտագործվել:

«Նշվել է, որ մի քանի տեղ ես շշուկով եմ խոսել: Սակայն դատարանում էլ ապացուցվեց, որ ես եղել եմ հիվանդ, կոկորդի պրոբլեմ ունեմ, ու դիտմամբ չէ, որ շշուկով եմ խոսել: Ես խնդրում եմ, կոնտեքստից բառեր մի հանեք: Եթե խոսում ենք օրենքից ու փաստերից, ապա փաստեր չունեք»,-ասաց Բաբայանը:

Ամբաստանյալը նշեց, որ վաճառողն իր հարցին պատասխանելիս ասել է, եթե «Իգլա»-ի գումարը տային, ինքը ԱԱԾ չէր դիմի, բացի այդ էլ, «նա մեղադրվում է ավելի ծանր հանցագործության մեջ, քան ես, սակայն ինքն ազատության մեջ է: Սա արդեն խոսում է ամեն ինչի մասին, ես չեմ ուզում քաղաքանացնել, ես խոսում եմ փաստերից»:

Նա խնդրեց, որ որպես վկա կամ ամբաստանյալ ներգրավել այն մարդուն, ով հայտարարել է, թե Վրաստանից տարածքից զենք է բերել:

«Ամբողջ հանրապետությունում թնադացրել են, որ Բաբայանի պատվերով հրթիռը տեղափոխել են այդ անձինք, ինչպես նաև քիմիական այլ նյութեր: Հիմա բերեք հարցրեք, էդ մարդը տեղյա՞կ է այդ նյութերից: Եթե չեք բերում, ուրեմն էս թեման փակեք, եթե ուզում եք դատեք, դատեք»,-ասաց նա:
 

Placeholder
Սամվել Բաբայան. Ես չեմ եկել պաշտպանվելու