Կարեն Կարապետյան. Հայաստանն իր համար նշել է թվային փոխակերպման վեց ռազմավարական ուղղություն
Քաղաքական
12:54 02/02/2018

Կարեն Կարապետյան. Հայաստանն իր համար նշել է թվային փոխակերպման վեց ռազմավարական ուղղություն

«Հայաստանը նախատեսում է գործել  թվային օրակարգի շրջանակում»,-այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովին:

Նա թվարկել է թվային փոխակերպման վեց ռազմավարական ուղղությունները՝ պետական կառավարման համակարգի թվային փոխակերպում, ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, կիբերանվտանգություն, թվային հմտությունների զարգացում և մասնավոր հատվածի թվային փոխակերպում:

«Մենք անցած տարի ստեղծեցինք «Թվային Հայաստան» հիմնադրամը: Մշակել ենք մինչև 2030 թ. զարգացման ծրագիրը և մեզ համար սահմանել ենք մի քանի չափանիշներ, որոնց մենք ուզում ենք հասնել»,-ասել է Կարապետյանն ու ներկայացրել դրանք:

Հիմնվելով թիրախային ու ակնկալվող արդյունքների վրա՝ կառավարությունը Հայաստանում թվային փոխակերպման գործընթացի իրականացման համար ուրվագծել է հետևյալ ռազմավարական հեռանկարները՝
• 2018-2020թթ. Թվային ցատկ (ենթակառուցվածքների լայնամասշտաբ ներդրման և առկա միջոցների թարմացման շեշտադրում)
• 2021-2025թթ. Թվային արագացում (առավել բարձր արդյունավետություն ապահովելու ուղղությամբ ներդրումներ)
• 2026-2030թթ. Թվայնացմամբ պայմանավորված զարգացում (աճի ապահովման ուղղությամբ նորարարությունների խիստ շեշտադրում):

Կարեն Կարապետյանը նշել է. «Ժամանակից պայմաններում թվայանցումը միակ հնարավորությունն է կարճ ժամկետում դառնալ արդյունավետ կառավարմամբ ու տնտեսությամբ երկիր, այստեղ այլընտրանք չկա»:

Վարչապետի խոսքով, Հայաստանում  ՏՏ ոլորտում գրանցվում է մոտ 25 տոկոս աճ, 2017-ի  արդյունքներով այն կազմել է 28 տոկոս:

Նշենք, որ համաժողովն  ուղիղ հեռարձակվում է: 

Placeholder
Կարեն Կարապետյան. Հայաստանն իր համար նշել է թվային փոխակերպման վեց ռազմավարական ուղղություն