Հայաստանում 2017 թվականին սիգարետի արտադրությունը 19.9%-ով աճել է
Տնտեսություն
09:09 03/02/2018
Հայաստան

Հայաստանում 2017 թվականին սիգարետի արտադրությունը 19.9%-ով աճել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016 թ-ի համեմատ, աճել է 19.9%-ով:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016 թվականին Հայաստանում արտադրվել 23 մլն 754.4 հազար հատ սիգարետ, ապա 2017թ-ի հունվար-դեկտեմբերին՝ 28 մլն 476.6  հազար հատ:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:

Panorama.am-ի հետ զրույցում  Առողջապահության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ, օրինագծի մշակման աշխատանքային խմբի անդամ Ռոզա Բաբայանն ասել էր, որ տուգանքների մեծ չափը ոչ թե ծխողների դեմ է ուղղված, այլ բնակչությանը երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից պաշտպանելու նպատակ ունի:

Նախագիծը որպես նպատակ սահմանում է նաև երկրորդային ծխի և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման հետևանքով առաջացած հիվանդությունների, հաշմանդամության, վաղաժամ մահացության կանխարգելումը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2018թ. նոյեմբերի 1-ից։

Placeholder
Հայաստանում 2017 թվականին սիգարետի արտադրությունը 19.9%-ով աճել է