Հայ և շվեյցարիացի գործարարները քննարկում են համագործակցության հեռանկարները
Տնտեսություն
15:23 05/02/2018
Հայաստան

Հայ և շվեյցարիացի գործարարները քննարկում են համագործակցության հեռանկարները

Երևանում այսօր մեկնարկեց «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպումը, որը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմադրամի նախաձեռնությամբ: 

Շվեյցարիայի Ազգային խորհրդի  նախագահ Դոմինիկ դե Բումանի պաշտոնական այցի շրջանակում կազմակերպված գործարար հանդիպմանը երկու երկրներից մասնակցում է 35 գործարար, որոնք ներկայացնում են դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գինեգործության, զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտները:

ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը  բացմանը արգասաբեր աշխատանք մաղթեց գործարարներին՝ նշելով, որ եթե քննարկումները  լինեն առարկայական, ապա դա հնարավորություն կտա ուսումնասիրելու բոլոր այն առավելությունները, որոնք ընձեռում են համապատասխանաբար երկու երկրների տնտեսությունները:

Նրա խոսքով՝  Շվեյցարիան հասել է մեծ հաջողությունների գիտության, արդյունաբերության և  այլ ոլորտներում, սակայն Հայաստանը նույնպես շատ առաջարկներ ունի շվեյցարացի գործընկերներին: «Հայաստանն ունի հարուստ պատմություն, հետաքրքիր ռազմավարական դիրք, ինչպես նաև ունի արտոնյալ առևտրային  ռեժիմներ, որոնք երկրին տալիս են մեծ առավելություններ: Հուսով ենք, որ այս քննարկումների արդյունքում նոր գործարար ծրագրեր ի հայտ կգան»,- ասաց փոխվարչապետը:

Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը նշեց, որ վերջին տարիներին հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները խորացել են, դա երևում է նաև 2017 թվականի վիճակագրությունում: 

Նրա խոսքով՝ առաջին անգամ Հայաստան է այցելել 10 տարի առաջ, և այսօր տեսնում ու գնահատում է այն դրական տնտեսական շարժը, որ կա Հայաստանում: «Այն պետք է թույլ տա, որպեսզի երկրում լինի տնտեսական այնպիսի վիճակ, որ բնակչությունը մնա Հայաստանում»,- ասաց Դոմինիկ դե Բումանը ՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, վերականգնվող էներգիան:

Հայաստանի զարգացման հիմադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն էլ նշեց, որ ամիսներ առաջ ստեղծվել է Հայ-շվեյցարական առևտրային պալատը և հույս ունեն, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը: 

Նրա նաև ասաց, որ 2017-ին 2016 թ-ի համեմատ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրաշրջանառությունը զգալի աճ է գրանցել՝ շուրջ 3,5 անգամ: Ներկայումս համագործակցությունն իրականացվում է ժամագործության, գյուղատնտեսության  բնագավառներում: «Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և ակնկալում ենք, որ լիարժեքորեն կօգտագործվի տնտեսական համագործակցության համար առկա հնարավորությունները»,- ասաց Արմեն Ավակ Ավակյանը:

 

Placeholder
Հայ և շվեյցարիացի գործարարները քննարկում են համագործակցության հեռանկարները