Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց. վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամաբ՝ նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկման փուլում են:
Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ եթե մշտադիտարկումների արդյունքում արձանագրված ցուցանիշները և վիճակագրությունը որոշակի մտահոգիչ ազդակներ են հաղորդում, ապա իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվեն համապատասխան գործողություններ իրականացվեն:
«Պետք է հստակ որոշել քայլերի հաջորդականությունը, որպեսզի մոնիթորինգն ինքնանպատակ գործընթաց չլինի: Չէ՞ որ մոնիթորինգ իրականացնում ենք, չափում ենք, որ ինչ-որ բան փոխենք»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով բնապահպանության նախարարին տեղեկատվություն ներկայացնել 2014-2017 թթ. մշտադիտարկումների արդյունքների հիման վրա ձեռնարկված քայլերի, միջգերատեսչական աշխատանքի վերաբերյալ:
Վարչապետին զեկուցվել է նաև անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին: Կարեն Կարապետյանը նշել է, որ նախարարության կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ները, բացի սահմանված գործառույթներից, պետք է նաև բիզնես բաղադրիչ ունենան և եկամտաբերություն ապահովեն. «Ամեն ՊՈԱԿ-ի տնօրեն պետք է իր համար հորիզոն ունենա՝ ինչ է անում. եթե ինքը շուկայում տեղ գրավելու հնարավորություն ու ներուժ ունի, մենք իրեն հստակ ասում ենք, թե որ ուղղությամբ շարժվի», - ասել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բարեփոխումներին՝ վարչապետը նշել է. «Մենք տրամադրված ենք ու «Հայանտառ»-ն անպայման դարձնելու ենք շահութաբեր, ուժեղ կառույց, ընդ որում՝ շահութաբեր, ուժեղ կառույց դարձնելու դեպքում բնապահպանական որևէ նորմ չի խախտվելու»: