Կառավարութունը գնաճի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի
Տնտեսություն
18:42 07/02/2018
Հայաստան

Կառավարութունը գնաճի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի

«Կառավարութունը վերջին շրջանում արձանագրված գնաճի և դրա ազդեցության վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին`  բենզինի, գազի ու դիզվառելիքի վրա գնաճի ազդեցության հետ կապված։

«Սակայն ես նշեմ, որ մենք ունենք 7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը մեր տարածաշրջանում, ԱՊՀ-ում ամենաբարձրն է, և ունենք 2.6 տոկոս գնաճ, որն ամենացածրն է նույն տարածաշրջանում: Անգամ գնաճ կա այնպիսի երկրներում, որտեղ պետությունը ուղղակիորեն ազդեցություն ունի ապրանքների գների վրա՝ Թուրքմենստան, Ղազախստան, Ուզբեկստան»,-  նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելու հետևանքով  բենզինը թանկացել է, սակայն բենզինի թանկացումը որևէ ապրանքի գնի վրա չի ազդում, որովհետև բենզինով փոխադրումներ չեն լինում:

«Թանկացել է նաև սեղմած գազը, բայց մենք հիմա ունենք սեղմած գազի այն գինը, որը եղել է երկու տարի առաջ, այսինքն, այս գինը նորություն չէ սեղմած գազ օգտագործողի համար: Դիզելային վառելիքի պարագայում ավելացված արժեքի հարկման դաշտում աշխատող գյուղացիները շահելու են, իսկ նրանք, ովքեր այդ դաշտում չեն, սուբսիդավորվելու են կառավարության կողմից»,- ասաց վարչապետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում առկա գնաճի թվերը տարածաշրջանում լավագույնն են, ավելի լավն են, քան այն երկրներում, որտեղ պետությունը մiջամտում է, կառավարում և զսպում դրանք։

Placeholder
Կառավարութունը գնաճի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի