Կարեն Կարապետյան. Պետք է զարգացնենք փոքր ավիացիան
Տնտեսություն
13:32 07/02/2018
Հայաստան

Կարեն Կարապետյան. Պետք է զարգացնենք փոքր ավիացիան

«Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն: Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին վարչապետին հայտնել է ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը: Նա նաև զեկուցել է, որ նախորդ տարվա համար  նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են:

Կարեն Կարապետյանն արձագանքել է, պետք է գտնել թույլ տեղերն ու շտկել, որպեսզի ուղևորահոսքն էլ ավելի մեծանա:

«Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը և դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխահագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու և այլն»,-ասել է վարչապետ  Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը:

Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, վարչությունն աշխատում է մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով:

Placeholder
Կարեն Կարապետյան. Պետք է զարգացնենք փոքր ավիացիան