Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին»  օրինագիծը
Քաղաքական
11:13 07/02/2018
Հայաստան

Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» օրինագիծը

Խորհրդարանն այսօր քվեարկության դրեց «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Նախագծին կողմ քվեարկեց 88, դեմ 9 պատգամավոր։

Քվեարկության դրվեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։

Վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց. «Մենք այս օրենքին դեմ ենք, քանի որ այն միջամտություն է մարդու անձնական կյանքի, հարգանքի իրավունքին և այդ միջամտությունը նախատեսված չէ Սահմանադրությամբ, ավելին, այն անհրաժեշտ չի ժողովրդավարական հասարակարգում»։

Նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանում ընթացող վերջին պրոցեսներն ու օրենքի նախագծերը իրեն գնալով ավելի ու ավելի հիշեցնում է «1984» վեպը, որտեղ տոտալ վերահսկողություն էր քաղաքացիների կյանքի նկատմամբ. «Այս օրենքը միանշանակ այդ համատեքստում պետք է դիտարկել»։

Օրինագիծն ընդունվեց 61 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Քվեարկության դրվեց նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին  և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը։ Օրինագիծն ընդունվեց 98 ձայնով։

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը ևս ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Քվեարկության դրվեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, որն ընդունվեց 72 կողմ ձայնով։

Placeholder
Խորհրդարանն ընդունեց «Ոստիկանության մասին» օրինագիծը