Ծխելու մասին օրենսդրությունը ներկա տեսքով չի ընդունվելու. Գալուստ Սահակյան
Քաղաքական
11:46 08/02/2018
Հայաստան

Ծխելու մասին օրենսդրությունը ներկա տեսքով չի ընդունվելու. Գալուստ Սահակյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հավաստիացնում է՝ օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում, ներկա տեսքով չի ընդունվելու: Նման համոզմունք նա հայտնեց այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ինչ որ պետք է, ես արդեն ասել եմ, խոսել եմ որոշակիորեն նաև կառավարությունում: Ինչո՞ւ եմ ասում, որ այդ օրենքն այդքան արժանավոր բան չէ մեր հասարակության համար. որովհետև ծխախոտի մասին օրենքի վրա եվրոպական տերությունները, Ամերիկան 40-50  տարիների աշխատանք են կատարել: Այս օրենքում այնպիսի թվեր են գրված, որ թրևէ մեխանիզմ չկա, որ ստուգեն, տեսնեն՝ ով որտեղ է ծխում: Առավել ևս, դրա հետևանքով ոչ մի ռեստորան Հայաստանում չի կարող աշխատել: Այնսպես որ, եթե ուզում ենք ծխելու դեմ պայքարի անցնել, պիտի կարողանանք հասարակությանը նախապատրաստել»,- ասաց պատգամավորը:

Գալուստ Սահակյանի խոսքով, օրենքը ժամանակին ներկայացվել է Հրանուշ Հակոբյանի կողմից, իսկ ինքն առաջարկել է օրենքում որոշակի փոփոխություններ կատարել:

Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգի առնչությամբ ՀՅԴ-ի և «Ծառուկյան» խմբակցության բացասական դիրքորոշմանը՝ հանրապետական գործիչը շեշտեց՝ իր կարծիքով օրենսդրությունը, որով առաջ են ընթանում, բավականին մեծ համարում ունի Հայաստանում և Հայաստանից դուրս, հետևաբար, կարոլի է շարունակել առաջ շարժվել նույն օրենսդրությամբ:

«Եթե նոր մտքեր են արտահայտում, իհարկե, պետք է բերեն քննարկման: Եթե կկարողանան ապահովել, որ ավելի լավ է, բնականաբար քաղաքական մեծմասնությունը կգնա այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ ինչ-որ նոր բան չեն ավելացնում դրա մեջ: Մտածում եմ՝ ընդդիմադիր են պիտըի որոշակի ընդդիմադիր խնդիրներ առաջարկեն: Մենք պետք է կարողանանք ազգին նախապատրաստել մեր երկրի հետագա զարգացմանը:

Երբեմն-երբեմն մտածում եմ՝ էս ի՞նչ դառան մեր ժամանակաները, որ երկրի անվտանգությունը, ամեն օր զոհվող երիտասարդ տղաներին թողած՝  խոսում են նման բաների մասին: Փոխանակ այդ խնդիրների մասին խոսեն, ընկել ենք ընտրությունների, ծխախոտի հետևից: Մեր քաղաքական խնդիրը Ղարաբաղն է՝ մինչև վերջ: Այդ ուղղությամբ մենք շատ ենք աշխատում, իսկ ծխախոտ, Ընտրական օրենսգիրք… մարդիկ են, մի կողմն ընդդիմություն է, մի կողմը՝ դիմություն: Մարդիկ բանավիճում են: Եթե որոշակի նորմալ մոտեցումներ կդրսևորեն, մեզանում, կարծում եմ, քննարկելի կլինեն»,- նշեց Գալուստ Սահակյանը:

Placeholder
Ծխելու մասին օրենսդրությունը ներկա տեսքով չի ընդունվելու. Գալուստ Սահակյան