ԳՆ-ում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը
Տնտեսություն
11:47 09/02/2018
Հայաստան

ԳՆ-ում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր  խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից մշակված Երկրի ռազմավարական հնարավորությունների (COSOP) վեցամյա ծրագիրը, որը նախատեսվում է մեկնարկել 2018 թվականի ընթացքում:

ԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, ծրագիրը, որի հիմնական նպատակն է գյուղական բնակավայրերում աղքատության նվազեցումն ու գյուղատնտեսության զարգացումը, ներկայացրել է Հիմնադրամի հայաստանյան ծրագրի ղեկավար Ռամի Սալմանը: 

Ներկայացման ընթացքում շեշտվել է, որ COSOP ծրագիրը կազմվել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին համահունչ, միտված է աջակցելու Հայաստանում կայուն և համընդգրկուն գյուղատնտեսության փոխակերպմանը և առաջիկա 6 տարիների ընթացքում կհանդիսանա ռազմավարական ուղեցույց գյուղատնտեսության ոլորտում պոտենցիալ ներդրողների համար: Ծրագիրը նաև նպատակ ունի զարգացնել փոխշահավետ գործընկերություն ագրոբիզնեսի և փոքր ֆերմերային ընկերությունների միջև` նպաստելով նրանց առավել ակտիվ ներգրավվածությանը արժեշղթայի ձևավորմանը, միաժամանակ կաջակցի գյուղատնտեսության առևտրայնացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

Ծրագրի մշակման ընթացքում հանգամանորեն վերլուծվել է գյուղական համայնքների ներկա սոցիալ-տնտեսական վիճակը, ուսումնասիրվել են գյուղերի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրները,  կարողությունները, հիմնական կարիքները, աղքատության նվազեցման հնարավոր ուղիները:  

Ծրագրի բաղադրիչներից է Ագրոբիզնեսի գործընկերության ծրագիրը (Agribusiness Partnership Programm - APP), որը նախատեսվում է ներկայացնել IFAD-ի Գործադիր խորհրդի հաստատմանը 2018 թվականի դեկտեմբեր ամսին:

Միաժամանակ Ռամի Սալմանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, միջազգային դոնոր կազմակերպությունների և  ՀԿ-ների միջև:
 

Placeholder
ԳՆ-ում ներկայացվել է 2018-2023 թվականների Երկրի ռազմավարական հնարավորությունների ծրագիրը