Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է
Հասարակություն
11:40 10/02/2018
Հայաստան

Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ, Նորիկ Գասպարյանն այսօր կդառնար 22 տարեկան:

Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց:  Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է  «Պարի վաստակավորի» կոչմամբ:

Հարցազրույցներից մեկում Նորայրի մայրը՝ Նունե Աթաջանյանը պատմել էր, որ իրենց ընտանիքն ապրել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն որդին պնդել է, որ իրենք վերադառնան Հայաստան և իր կրթությունը  շարունակի հայրենիքում: «Նորիկն իր բոլոր նպատակների իրականացումը կապում էր  հայրենիքի հետ»,- ասել էր մայրը:

Ապրիլյան պատերազմի հերոսը բանակ էր զորակոչվել 2014թ-ին, ծառայում էր տանկային գումարտակում: 2 ամսից պետք է զորացրվեր: Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իր համար այդ տարին ամենասպասվածն էր, քանի որ նա պետք է զորացրվեր. «Վերջապես եկավ իմ կյանքի, երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետև այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին: Ու վերջում՝ մեկ-մեկ էլ պատասխանեք զանգերիս»:
Ապրիլի 2-ին  գիշերը 04:30-ի կողմերը Նորայրը զանգահարել է եղբորը ու ասել.  «Պատերազմ ա, վիճակը լավ չի, մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար»,- պատմել է եղբայրը՝ Միշա Գասպարյանը։

Տանկիստ Նորայրը զոհվել է մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:  Նրա հետ նույն տանկում եղել են Հայկ Գրիգորյանը և Վահե Զաքարյանը:

Լուսանկարն արված է 2016թ-ի փետրվարի 10-ին, երբ Նորայրը վերջին անգամ նշում էր իր ծննդյան օրը:

Նորայր Գասպարյանն ու Վահե Զաքարյանը

Placeholder
Ապրիլյանում զոհված տանկիստ Նորայր Գասպարյանի ծննդյան օրն է