«Ես Ալիևի ու Իվանիշվիլիի,  նրանց բիզնես-շահերի զոհն եմ». Աֆղան Մուխտարլի
Քաղաքական
15:35 10/02/2018
Տարածաշրջան

«Ես Ալիևի ու Իվանիշվիլիի, նրանց բիզնես-շահերի զոհն եմ». Աֆղան Մուխտարլի

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին պնդում է, որ իր առևանգումը Թբիլիսիից տեղի է ունեցել ազդեցիկ գործարար Բիձինա Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) անմիջական մասնակցությամբ և ներկայիս վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի համաձայնությամբ: Այս մասին տեղեկացնում է Jam-news-ը:

Լրագրողական հետաքննություններով զբաղվող Աֆղան Մուխտարլիին, որն Ադրբեջանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկու օրով բանտից ազատ են արձակել, որպեսզի նա կարողանա մասնակցել իր մոտ ազգականների սգո արարողությանը: Դեկտեմբերի վերջին Մուխտարլիի քրոջն ու վերջինիս երկու երեխաներին մահացած են գտել սեփական բնակարանում: Ողբերգության պաշտոնական պատճառն, ըստ քննության, շմոլ գազով թունավորումն է:

Երկու օրով ազատ արձակված Աֆղան Մուխտարլին հարցազրույց է տվել «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը: Նրա խոսքով, Թբիլիսիից իր առևանգումից առաջ նա զբաղվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բիձինա Իվանիշվիլիի համատեղ բիզնես-շահերի լրագրողական հետաքննությամբ:

«Վրաստանում լինելու ժամանակ ես ուսումնասիրում էի Ալիևի բիզնեսը: Վրաստանում նա մեծ հավակնություններ ունի զբոսաշրջային ոլորտում: Վրաստանում նա մի քանի հյուրանոց և հողատարածքներ ունի: Նրան է պատկանում Silk Way ավիաընկերությունն ու Silk Way Georgia կազմակերպությունը: Վրաստանում նրա գլխավոր գործընկերը Բիձինա Իվանիշվիլին է: Ես հենց նրանց բիզնես-շահերի զոհն եմ դարձել: Ինձ մոտ խնդիրներ առաջացան, երբ ես սկսեցի անդրադառնալ այդ թեմային», -հայտարարել է Մուխտարլին:

Լրագրողը պնդում է, որ իր առևանգումը Վրաստանից համաձայնեցված է եղել վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

«Վրաստանում դատական գործունեությունը թափանցիկ է: Այդ պատճառով էլ, օրենքի տառին հետևելով, Վրաստանը չէր կարող ինձ Ադրբեջանին փոխանցել, այդ պատճառով էլ պետք եղավ առևանգել ինձ: Առանց վարչապետի թույլտվության ինձ չէին կարող սահմանով անցկացնել», — հայտարարել է Մուխտարլին:

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Կվիրիկաշվիլին պետք է պատասխան տա կատարվածի համար», — կարծում է Մուխտարլին:

Աֆղան Մուխտարլիի հայտարարություններն աննկատ չեն մնացել:

«Այդպիսի խոսքերից հետո Աֆղան Մուխտարլիի ճակատագիրն ինձ բացարձակ չի հուզում: Նա անպատիվ կերպով է վարվում իմ երկրի և նրա իշխանությունների հետ», — ասել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Կվաչանտիրաձեն:

«Ես քննադատորեն եմ վերաբերվում նաև նրան, որ առևանգման պատկերն այդպես էլ չպարզաբանվեց, և, հետևաբար, անհասկանալի է, թե ինչպես են նրան առևանգել և արդյո՞ք առևանգել են: Արդյո՞ք առևանգման որևէ ապացույց կա, որի մասին խոսում են Մուխտարլին ու իր կինը: Ապացույցներ չկան: Այդ պատճառով էլ բոլոր նրանց հայտարարություններն անպատասխանատու են», -ասել է Կվաչանտիրաձեն:

«Աֆղան Մուխտարլիի այն հայտարարությունները, թե իրեն առևանգել են և հանձնել ադրբեջանական կողմին գրեթե վարչապետի հրահանգով, աբսուրդային են»,- ասում է եվրաինտեգրման հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Թամար Խուլորդավան: Նրա խոսքով՝ կասկածներ են առաջանում, որ բոլոր այդ հայտարարություների ետևում կանգնած են վրաց–ադրբեջանական հարաբերությունների վատթարացմամբ շահագրգռված անձինք:

Placeholder
«Ես Ալիևի ու Իվանիշվիլիի, նրանց բիզնես-շահերի զոհն եմ». Աֆղան Մուխտարլի