Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով
Քաղաքական
11:25 10/02/2018
Հայաստան

Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով

«Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով»,-այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ կողմից Հայաստանի նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու  ներքո  պետք է շարունակել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, անդրադառնալով արցախյան այցին՝ Ա. Սարգսյանը նշել է, որ այն շատ կարևոր էր, քանի որ անմիջապես Նախագահից  է տեղեկացել  վերջին տարիներին Արցախի կյանքում արձանագրված հաջողությունների, տնտեսության զարգացման և առկա խնդիրների մասին:

«Նախագահի հետ հնարավորություն ունեցա երկար զրուցելու և ստացա ինձ հետաքրքրող  հարցերի պատասխանները: Ցանկանում եմ շեշտել, որ բազմիցս առիթներ եմ ստեղծել՝ Արցախ այցելելու, և, որպես ազատ քաղաքացի, շրջագայելու, բայց այս այցը որակապես այլ բնույթ ուներ, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է Ա. Սարգսյանը և ավելացրել, որ բացի Նախագահի և ԱՀ բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպումներից, արցախյան այցի օրակարգում նախատեսված է նաև կրթօջախներ այցելելը:

Ա. Սարգսյանի խոսքով՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի համար օրախնդիր հարցը որակյալ կրթություն ապահովելն է: Եվ ՀՀ Նախագահի պաշտոնի հնարավոր ստանձման դեպքում՝ նա հիմնական առաջնահերթություններից է համարելու կրթական բարձրակարգ համակարգ ստեղծելը:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Ո ՞րն է արցախյան օրակարգը. Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդես է եկել ճեպազրուցով