2017 թվականի «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացան 41 ուսանող
Կրթություն, գիտություն
13:39 13/02/2018
Հայաստան

2017 թվականի «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացան 41 ուսանող

Հանրապետության 16 բուհերի 41 ուսանող այսօր արժանացան 2017 թվականի  «Լավագույն ուսանող» կոչմանը՝ ըստ կրթական աստիճանների և ոլորտների: Հաղթող ուսանողները ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից պարգևատրվեցին հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին ԿԳ նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով` 1-ին տեղ` 400.000, 2-րդ տեղ՝ 270.000 և 3-րդ տեղ՝ 200.000 ՀՀ դրամ:

«Միշտ հիշեք՝  ձեր վրա դրված է մեծ պատասխանատվություն, դուք եք, որ պետք է մեր անկախ պետականության մեջ շարունակական ձևով զարգացնել հայի տեսակը՝ իր քաղաքակրթական արժեքով։ 2016-ի ապրիլյան դեպքերի ժամանակ մեր  համալսարաններում ձևավորված կամավորական շարժումները ցույց տվեցին, որմեր հասարակության մեջ ձևավորվում է իր ուժերի վրա վստահ, Հայաստանի սուվերենությանն ու անկախությանը բացարձակապես նվիրված և անհրաժեշտ գիտելիքներ ունեցող այն սերունդը, որը պետք է վերցնի և շարունակի մեր ճանապարհը»,- պարգևատրման արարողության ժամանակ դիմելով ուսանողներին ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ իրենց քաղաքականությունն ուսանողակենտրոն է, և իրենք պարտավոր են  բացել հնարավորությունները, ապահովել դասախոսների ու ուսանողների փորձի փոխանակություն։

«ՀՀ-ում պետք է աստիճանապար մարել այն հաստատությունները, որոնք չեն գիտակցում  իրենց դերը, տեղը և առաքելությունը մեր երկրի կյանքում, և պետք է կենտրոնանալ խոշոր համալսարանական համակարգերի շուրջ, որպեսզի կարողանանք իրականացնել կրթության  որակի և քաղաքացու դաստիարակության գործընթացը»,- հավելեց նախարարը։

«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթն անցկացվում է համաձայն «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման կարգը, մրցույթի չափանիշները և մրցույթի մասնակցության հայտի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման՝ արդեն հինգերորդ տարին անընդմեջ: Սահմանված կարգի համաձայն մրցույթն անցկացվում է  երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական(միջբուհական)՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ըստ հետևյալ ոլորտների. բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն,  ճարտարագիտություն, հայագիտություն, մշակույթ-սպորտ:

Placeholder
2017 թվականի «Լավագույն ուսանող» կոչմանն արժանացան 41 ուսանող